Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծննդաբերություն նկարելը կյանքի ընձեռած լավագույն պահն է»

Փետրվար 24,2023 12:00

Ասում է լուսանկարիչ, օպերատոր Ռոբ Ֆրանգյանը 

– Ռոբ, ինչպե՞ս լուսանկարչությունը քոնը դարձավ։ 

– Լուսանկարչությունն ինձ համար տարերք է։ Աշխատանքային կարիերաս սկսել եմ յոթ տարի առաջ եւ գեթ մի վայրկյան չեմ ափսոսում, որ ընտրել եմ այս ոլորտը, որովհետեւ հասկացել եմ` կյանքի յուրաքանչյուր պահ տեսախցիկն առնում է իր մեջ` իրական զգացմունքների հետ միահյուսվելով դառնում կյանքի մի հատվածի պատմություն։ Սա միակողմանի արվեստ չէ, այլ կյանքը տարբեր կողմերից պատկերելու հրաշալի միջոց։ Լուսանկարելիս դու նաեւ մարդուն ես ճանաչում։

– Ինչպե՞ս է զարգանում լուսանկարչությունը Հայաստանում։ 

– Լուսանկարչությունը Հայաստանում զարգանում է նորմալ տեմպերով, որովհետեւ լուսանկարիչներս բավականին շատ ենք։ Բայց մեկ այլ խնդիր կա. Հայաստանում մտածում են, որ եթե ունես տեսախցիկ, ուրեմն արդեն լուսանկարիչ ես։ Սակայն այդպես չէ։ Լուսանկարչությունը կյանք է, մանրուքների հետ աշխատանք, ստեղծագործական միտք, երեւակայություն եւ մասնագիտական մոտեցում պահանջող ոլորտ։

Ես ուսումնասիրում եմ նաեւ արտասահմանյան լուսանկարչական դաշտը, այն ինձ օգնում է հաճախորդի հետ աշխատել շատ հետաքրքիր ու յուրովի մոտեցումներով, որովհետեւ միայն այդպես կարող եմ որեւէ դրական արդյունքի հասնել։ Յուրաքանչյուր աշխատանք պետք է լիարժեք անել։ Սա ինձ համար սկզբունքային նշանակություն ունի։
– Ինչն է քեզ զայրացնում… 

– Երբ ասում են՝ Ռոբ ջան, ինձ նիհար կնկարես կամ` ե՞րբ նկարները կուղարկես։ Բայց քանի որ ինքս կատակասեր եմ, փորձում եմ զայրույթս քողարկել ժպիտով։

– Գիտեմ, որ տարատեսակ վիրահատություններ ես լուսանկարել, տեսանկարահանել։ Մի քիչ այդ մասին խոսենք։ Պահը վավերագրելու քո մոտեցումը… 

– Շատ եմ սիրում առողջապահության ոլորտն ու արդեն չորս տարի է` նկարում եմ տարբեր վիրահատություններ: Նկարում եմ նաեւ ծննդաբերություններ, այդ պահը կյանքի ընձեռած լավագույն պահն է ինձ համար: Ուղղակի ասեմ բոլոր տղամարդկանց` դա կյանքի ամենաթանկ պահն է։ Ամեն նոր կյանքի սկիզբը նկարելն ինձ համար այլ զգացողություն է։ Այդ ժամանակ զգում եմ իմ ու լուսանկարչության լռությունը, կյանքի երջանկությունը։

– Կորպորատիվ միջոցառումներ նկարահանելը ֆինանսապես գոհացնո՞ւմ է քեզ, որպեսզի ժամանակակից տեխնիկայի մրցավազքին հասցնես:

– Ճիշտ եք, տեխնիկան զարգանում է, ես համաձայն եմ այդ փաստի հետ, բայց կա մի բայց. ինչքան էլ զարգանա տեխնիկան, պետք է նախ մենք շատ կարդանք, շատ նայենք, մեր աչքը մենք պետք է զարգացնենք։ Այսօր ժամ առ ժամ նաեւ արվեստն է զարգանում, չպետք է ոչինչ բաց թողնել, այդ պրոցեսների մեջ անընդհատ պետք է թրծվել, ինքնակրթվել, սուղ միջոցներից մեծ հնարավորություններ ստեղծել։ Իսկ ինչ մնում է կորպորատիվ միջոցառումներ նկարահանելուն, այո, ինձ ավելի շատ ուրախացնում է, ինչպես նաեւ ֆինանսապես գոհացնում։

– Ապրելու քո բանաձեւը… 

– Սիրում եմ ապրել գույներով, շատ պոզիտիվ, որն ինձ շատ է օգնում թե՛ կարիերայում, թե՛ դրանից դուրս։ Վերջապես` կյանքն ապրելու համար է, չէ՞, եւ տրվում է մեկ անգամ։ Ամեն օրը նոր սկիզբ է, նոր վերելք…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ 

«Առավոտ» օրաթերթ
23.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728