Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, 2019-2021 թթ.-ի ձմեռային եւ ամառային զորակոչերի ընթացքում իրենց դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 81 հոգու (52%) եւ զինվորական հաշվառման ենթակա անձանցից 8-ի (52%) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննությանն ու փորձաքննության իրականացմանը, ավելին, նրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետեւանքով է։ Պատճառներից մեկն առողջական խնդիրներով անձանց զորակոչելն է։ Զորակոչի ենթակա անձինք չեն ենթարկվում առողջական վիճակի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման, այնուհետեւ՝ իրավաչափ բժշկական փորձաքննության։
Վերջերս իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասնակից Դ.Ս.-ն, ով, մասնակցելով պատերազմական գործողություններին, ստացել էր ծանր վնասվածքներ: Զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրվելուց հետո, Դ. Ս.-ին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվել էր հաշմանդամության երկրորդ խումբ, ապա մեկ տարի անց՝ կրկնակի փորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբը փոխվել էր՝ սահմանվել 3-րդ խումբ: Հաշմանդամության խմբի փոփոխությունից գրեթե 5 ամիս անց Դ. Ս.-ն սահմանված կարգով չէր ստացել զինվորական կենսաթոշակը, չնայած վերջինիս կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել էին իրավասու մարմիններին: Կազմակերպությունը գրությամբ դիմել էր ՊՆ նախարար Ս. Պապիկյանին եւ Միասնական սոցիալական ծառայություն, ինչի արդյունքում նախկին զինծառայողին վճարվեց չվճարված զինվորական կենսաթոշակը եւ պարգեւավճարը՝ լրավճարի տեսքով:
Զինծառայողների գործերով սա առաջին դեպքը չէ:
«Առավոտին» դիմած զինծառայողների հարազատները հաճախ վախենում են, թե բարձրաձայնելուց հետո կունենան խնդիրներ իրենց որդիների ծառայության հետ կապված: Նրանցից մեկի, որի տվյալները խմբագրությունում են, եւ միայն գործին ընթացք տալու դեպքում կտրամադրզվի պատկան մարմնին, ծառայությանը մնացել է հաշված ամիսներ: Զինծառայողի մայրը՝ Ն. Հ.-ն հայտնեց, թե զինծառայող որդին ասել է մորը՝ «Մի բողոքեք, կարող է վատ վերաբերվեն»։
Կարդացեք նաև
Մայրը էլեկտրոնային փոստով նամակ է գրել ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են՝ «Հարգելի քաղաքացի, ձեր հարցը մեր լիազորությունից դուրս է, ձեր որդին ժամկետային զինծառայող է, դիմեք ՊՆ»: Սակայն զինծառայողը վատացել է, նրան քառասուն եւ ավելի ջերմությամբ տեղափոխել են հոսպիտալ, որտեղից դուրս գրելուց անմիջապես հետո հանել են ձյուն մաքրելու ու ավելի է վատացել նրա վիճակը։ Որդուն չեն ցանկացել պահել. ըստ ծնողի՝ ասել էին. «Քեզնից վատ հիվանդներ էլ կան» ու դուրս են գրել: Զինծառայողը քառասունից բարձր ջերմությամբ զորամասի բուժկետում է, Վանաձորի հոսպիտալը հրաժարվում է ընդունել օրեր շարունակ ջերմող զինծառայողին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.02.2023