Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիմները, որոնք պաշտպանում են Ալիևի կառավարությանը, այսուհետև հնարավորություն չեն ունենա դա անել»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ ՄԱԿ-ի որոշման մասին

Փետրվար 23,2023 23:13

«Հաագայի դատարանի այս որոշումը շատ լավ նորություն է անառարկելի կերպով»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին՝ անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի որոշմանը։

Նրա փաստմամբ՝ բռնատիրությունները բոլորը նույն բնույթն ունեն․ նրանք սովորություն չունեն հարմարվելու միջազգային որոշումներին և կատարելու դրանց պահանջները։ Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի՝ գուցե ՄԱԿ-ի որոշման ազդեցությունն անմիջական չլինի։ Այս առիթով շարունակեց․ «Առաջին ազդեցությունը, որ կտեսնենք՝ բոլոր ռեժիմները, որոնք պաշտպանում են պարոն Ալիևի կառավարությանը, այսուհետև հնարավորություն չեն ունենա դա անել։ Մենք գիտենք, թե որտեղ են սխալներն ու իրավունքները, և այդ մարդիկ չեն կարող երկու լարի վրա խաղալ։ Կարող ենք ասել, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումն աջակիցների համար հավելյալ հնարավորություն է ստեղծում, որպեսզի հակառակորդներին հնարավորություն չտան պաշտպանելու Ադրբեջանին»։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով՝ անմիջական ասել, որ վաղը որևէ ազդեցություն պիտի ունենա այդ որոշումը, վստահաբար հնարավոր չէ, բայց շատ կարևոր որոշում էր։ Ու հավելեց․ «Դժբախտաբար չկար գազամատակարարման հետ կապված կետ, որ դատարանը բավարար չնկատեց փաստարկներն այդ մասին, բայց, համենայն դեպս, Ադրբեջանի պահանջն ամբողջությամբ հերքեց։ Այսօր բոլորից պատասխանատու ձևով ՄԱԿ-ի դատարանը հաստատում է, որ Ադրբեջանը, իբրև պետություն, ստիպված այդ շրջափակումը պետք է վերացնի։ Ուրեմն պարոն Ալիևի պատմությունները հավատք չունեն»։

Հարցին՝ այն, որ Հաագայի դատարանը կարծում է՝ բավարար ապացույցներ չկան գազամատակարարման հետ կապված հրատապ միջոցի կիրառման համար, սա արդյոք նշանակում է, որ դեռ Եվրոպայի համար գաղտնիք է՞ մնացել այն, որ Ադրբեջանը կարող է փակել գազը, տարբեր միջոցով ճնշել Արցախի հայությանը, Ֆրանսուա Ալֆոնսին ասաց․ «Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներ գնալ անհնար է, որ կարողանանք բոլոր վկայություններն արձանագրել։ Բայց փաստ է, որ ժողովուրդը զրկված է գազից, լույսից, կապից և այլն։ Բոլորս հասկանում ենք, որ դրանք արվում են, որ Ղարաբաղի ժողովրդին դրդեն լքել այդ տարածքները։ Իհարկե, այդ ամենը պետք է փաստագրվի, որպեսզի լինի ճնշում, որպեսզի մատակարարումներին դադարեցում չլինի։ Միջազգային ընկերությունների միջնորդությունները, ցավոք, որոշակիորեն սահմանափակված են։ ԵՄ-ն կարող է որոշակի գործիքակազմ, որը կիրառվում է Ուկրաինայում կամ Իրանի վրա, նաև կիրառել Ադրբեջանի վրա, որ նմանատիպ վարքագիծը դադարի, որոնք հակառակվում են միջազգային իրավունքին և կտրում են գազամատակարարումը և այլ մատակարարումներ»։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ասաց․ «Դրանք զորքեր չեն, որոնք սահմանին են տեղադրված, նույն կարգավիճակը չունեն, ինչ ռուսական խաղաղապահներն են Արցախում, հույս ունենք, որ նրանք ապագայում ավելի ակտիվ կլինեն, քան այսօր։ Այս պահին Եվրոպան աշխատում է՝  որպես դիտորդ, որի չեզոքությունը ճանաչվել է միջազգային համայնքի կողմից, և կաշխատի հայկական տարածքում ու կվերահսկի, որ Ադրբեջանի կատարած ագրեսիաները կարողանան փաստագրվել կամ որոշ թաքնված ագրեսիաներ կկիրառի, որպեսզի անմիջապես կարողանան փաստագրել և ուղարկել եվրոպական կառույցներին։ Կցանկանանք խաղաղապահներ ունենալ, ունենալ միջազգային ինչ-որ կառույց, որը կկարողանար խաղաղապահ առաքելություն իրականացնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728