Անգնահատելի է Ձեր հայանպաստ գործունեությունը Եվրախորհրդարանում եւ սերտ համագործակցությունը ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ: Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր շրջանում Դուք Հայաստանում եք, ինչի համար շնորհակալ ենք. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ հանդիպման ընթացքում:
Փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ փետրվարի 23-ին հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին: Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել իշխող խմբակցության եւ գործադիրի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար տարբեր քաղաքական ուժերի մոտեցումներն իրավիճակի վերաբերյալ: ԵԽ պատգամավորներն այցելել են նաեւ Սյունիքի մարզ:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերներին:
Կարդացեք նաև
Զրույցում կարեւորվել են անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Եվրախորհրդարանի կողմից ներդրվող ջանքերը:
ՀՀ Ազգային ժողով