«Արցախում հանրության մոտ իրենց ղեկավարության հանդեպ կար անվստահություն: Եվ Ռուբեն Վարդանյանը, լինելով դրսից մարդ, այդ հանրության մեջ հույսեր էր արթնացրել առաջին հերթին արդարության իմաստով, որ կարող է արդար կառավարում լինի, որը շատ կարեւոր է հանրային մոբիլիզացիայի համար, հատկապես այս պահին: Ես ամենաշատը դա եմ կարեւորում, որովհետեւ նման ծանր վիճակում գտնվող հանրության համար դա գուցեեւ ամենակարեւորն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ինչպես հայտնի է, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
Տեսակետներ կան, որ այս որոշմամբ Արցախի սուբյեկտայնությունը նվազեց: Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ Արցախի սուբյեկտայնությունը ոչ թե Ռուբեն Վարդանյանի մնալով է որոշվում, այլ այսօրվա Հայաստանի իշխանության կուրսով. «Ամեն ինչ անում են, որ Արցախի բեռից ազատվեն եւ այնտեղ հայաթափում լինի: Դա է հիմնական խնդիրը: Խնդիրը ոչ Արցախում է, ոչ էլ Բաքվում է: Հիմնական խնդիրը Երեւանում է գտնվում եւ սա է պրոբլեմը, ոչ թե Ռուբեն Վարդանյանի հրաժարականը: Իսկ Ռուբեն Վարդանյանի դերը այն հույսն էր, որն ինքը տվել էր: Ես չգիտեմ որքանով էր արդարացված, որքանով՝ ոչ, բայց այդ հույսը տվել էր, որ այնտեղ նման համակարգ կարող է ձեւավորվել»:
Արցախի նախագահը կառավարության նիստում խոսում էր կարմիր գծերից, առաջիկա անելիքներից ու ասում, որ Արցախը պատրաստ է բանակցությունների գնալ Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը պատրա՞ստ է Արցախի հետ բանակցել: Ըստ Ստեփան Դանիելյանի, հավասարը հավասարի հետ Ադրբեջանը պատրաստ չի խոսել նույնիսկ Հայաստանի հետ. «Ինքը խոսում է թելադրելով եւ պարտադրելով եւ պարբերաբար ուժ գործադրելով: Եթե Հայաստանի այս իշխանությունը այն վիճակին է հասցրել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հավասարը հավասարի պես չի խոսում, ո՞նց կարող է Արցախի հետ խոսել:
Կարդացեք նաև
Բայց այդտեղ ավելի շուտ խնդիրը արդեն Հայաստանի մեջ չէ, խնդիրը Իրանի եւ Ռուսաստանի պահվածքի մեջ է, որովհետեւ քանի որ Արցախը եւ Սյունիքը աշխարհաքաղաքական խնդիր են եւ կենսական է առաջին հերթին Երեւանի եւ Ռուսաստանի համար, ՌԴ-ն հիմա գնում է զիջումների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի սիտուացիոն կախվածության մեջ գտնվելով, բայց ապագայում կարող է այլ ձեւ իրեն պահի: Դրա համար Ադրբեջանն ուզում է այդ հարցը լուծի: Իրենց համար նաեւ կարեւորը Իրանն է: Ադրբեջանը երկուսի նկատմամբ կարմիր գծեր է հատել եւ դա չի ներվելու: Իրենք գիտեն, որ հիմա ամենահարմար պահն է՝ ինչ-որ բան անելու համար: Սա է խնդիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ