SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 82-ամյա Սերգեյ Փաշայանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոնից փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբ Թամազյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Ռուդոլֆ Մուշեղյանն է։
Վերջինս իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ս․ Փաշայանին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա առաջ ընթանալով, կոտրել Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դուռը և հայտնվել ներսում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: