Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի քրոջ որդին կհրավիրվի դատարան՝ Սերժ Սարգսյանի գործով

Փետրվար 23,2023 18:06

«Դիզվառելիքի գործով» նախորդ նիստում պետական մեղադրողը՝ ի հաստատումն վկա Սեւան Քոչարյանի հայտարարության, դատարանին ներկայացրել էր փաստաթղթեր, որոնք վերաբերում են «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ին առնչվող դատական գործին, որը հարուցվել է 2019 թ․ օգոստոսի 14-ին: Դրանք ընկերության տնօրեն եւ սեփականատեր Սամվել Սուքիասյանի եւ Հարություն Վարսանյանի ցուցմունքներն են: Սույն գործով ձեռք բերված ապացույցներով, ըստ մեղադրողի, փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ սույն ընկերության նկատմամբ ևս շուկայից դուրս մղելու համար միտումնավոր քայլեր են արվել: Այդ գործով վկաներից Հարություն Վարսանյանն իր ցուցմունքում պնդել է, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ օգտագործելով նախկին բարձրաստիճան ղեկավարության հետ իր կապերը՝ «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ին դիզվառելիքի ներկրման շուկայից դուրս մղելու քայլեր է ձեռնարկել: Ավելին, ըստ վկայի ցուցմունքի, Բարսեղ Բեգլարյանն իրեն ուղիղ ասել է, որ ոչ թե ինքն է խանգարել վերջինիս, այլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է արգելել, որ «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ն զբաղվի դիզվառելիքի ներկրումներով:

Դատախազը հորդորեց փաստաթղթերը կցել գործին, քանի որ, դրանք այս գործով վկայի՝ Սեւան Քոչարյանի, ցուցմունքները գնահատելու փուլում էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են:

Հարություն Վարսանյանը, հիշեցնենք, Արթուր Վանեցյանի քրոջ որդին է: Նրա հարցաքննության ժամանակահատվածը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ Արթուր Վանեցյանը դեռ զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը:

Պաշտպանական կողմն այսօր այդ առիթով իր առարկությունները ներկայացրեց՝ տարակուսելով թե ինչո՞ւ են այդ փաստաթղթերն այժմ ներկայացվում այս գործով իբրեւ ապացույց ճանաչելու համար, ապա, նաեւ տարակուսանք հայտնելով, թե ի՞նչ հանգամանքներում են այդ ցուցմունքները հայտնի դարձել մեղադրողին ու արդյոք դրանք կարող են կաշկանդող հանգամանք հանդիսանալ: Դատախազն առարկեց ու պնդեց իր դիրքորոշումը:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նկատելով, նաեւ որ այդ ցուցմունքները չեն կարող սույն գործի քննության ընթացքում օգտագործվել: Տվյալ անձանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ միայն այն պարագայում, եթե այդ անձինք վկայակոչվեն եւ հարցաքննվեն: Սակայն, տվյալ փուլում նաեւ նրանք չեն կարող վկայակոչվել, դատարանն այդ հարցին կանդրադառնա դատաքննության ավարտին՝ ապացույցների հետազոտման փուլում:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728