Փետրվարի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: Այն վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները նիստին չմասնակցելու որոշում են կայացրել՝ հաշվի առնելով հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրները:
Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցն էր:
ԱՀ ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է դատավորի թեկնածու Արսեն Ամիրջանյանի կենսագրական և աշխատանքային գործունեության տվյալները:
Դատավորի թեկնածուի խոսքը լսելուց հետո, խորհրդարանը հարցի քննարկումը հետաձգել է մինչև ԱԺ առաջիկա հերթական նիստը՝ հաշվիչ հանձնախմբի քվորումի բացակայության պատճառով:
Հաջորդիվ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հարցեր էին:
Կարդացեք նաև
««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 23 կողմ ձայնով օրենքն ընդունվել է:
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 25 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, ներկայացնելով ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ գլխադասային հանձնաժողովի ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված «Ուկրաինա» բառը «արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետություն» արտահայտությամբ փոխելու մասին առաջարկությունն ընդունվել և ներկայացվել է լրամշակված տարբերակով:
Օրինագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: 25 կողմ ձայնով նախագիծն ընդունվել է:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նախօրեին տվել էր դրական եզրակացություն: Օրենքի նախագծին խորհրդարանը քվեարկել է 24 կողմ ձայնով: Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:
Օրենսդրական վերջին փոփոխությունը սահմանված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով: Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, որից հետո խորհրդարանի միաձայն որոշմամբ այն ընդունվել է որպես օրենք:
Պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Արամ Գրիգորյանը և Արթուր Հարությունյանը հանդես են եկել հայտարարություններով:
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորների հարցերին պատասխանել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու կառավարության անդամները:
8 պատգամավորի կողմից հնչեցվել է 14 հարց: Դրանք բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների, վարկերի փոխհատուցման, սեյսմիկ վտանգի գնահատման, կտրոնային համակարգի արդյունավետության, Արցախի խնդրի միջազգայնացման արդյունքների, կրթության որակի ու դպրոցների, նախակրթարանների բնականոն գործունեության վերաբերյալ էին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին