Էլեկտրոնային առևտուր կատարելիս, ծառայություններ ստանալիս, օրինակ՝ օնլայն վարկերի կնքման, սննդի առաքման, ապրանքի գնման դեպքերում շատ հաճախ քաղաքացին չի տեսնում, գուցե որոշ դեպքերում չի էլ հասկանում, որ իր համաձայնություն է տալիս որոշակի պայմանների՝ պայմանագրի, որոնցով կարգավորվում են իրենց իրավահարաբերությունները: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցը (լուսանկարում):
Նրա խոսքով, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական կտորը վերաբերում է «Քաղաքացիական օրենսգրքին»՝ հիմնական իրավական ակտին, որով կարգավորում են պայմանագրային հարաբերությունները:
«Հիմա շատ զարգացած է օնլայն հարթակներում ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը, երբ քաղաքացին ոչ թե թղթային ձևով, գրավոր է պայմանագիր կնքում արտադրողի, ապրանք վաճառողի կամ ծառայություն մատուցողի հետ, այլ այդ ամենը կատարվում է էլեկտրոնային հարթակում: Այս պարագայում, երբ քաղաքացին ինչ որ կայքով ծառայություն է ձեռք բերում, օրինակ, հիմա շատ տարածված է օնլայն վարկերի կնքումը կամ սննդի առաքման օնլայն ծառայությունները՝ շատ դեպքերում որևէ պատվեր կատարելիս քաղաքացին չի տեսնում, գուցե որոշ դեպքերում չի էլ հասկանում, որ իր համաձայնություն է տալիս որոշակի պայմանների՝ պայմանագրի, որոնցով կարգավորվում են իրենց իրավահարաբերությունները »,-նշեց Տիգրան Դադունցը:
Նա հորդորեց քաղաքացիներին որևէ պատվեր կատարելիս, հավելվածում ուշադրություն դարձնել «օգտագործման կարգ» կամ «պայմաններ» բաժիններին, որտեղ զետեղված են բոլոր այն փաստաթղթերը՝ համաձայն որոնց կարգավորվում են ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների ու քաղաքացիների իրավահարաբերությունները: Դադունցը կասկած հայտնեց, որ հաճախ քաղաքացիները նույնիսկ չեն էլ ծանոթանում այդ պայմաններին, որովհետև դրանք տեսանելի ձևով չեն զետեղված և խնդիր ծագելիս իրավական առումով հայտնվում են անպաշտպան վիճակում:
Կարդացեք նաև
«Սա վերջին տարիների զարգացումներից է, ուստի «Քաղաքացիական օրենսգրքով» նման կարգավորում նախատեսված էլ չէ: Հիմա մենք նախատեսում ենք, որ պայմանագիրը կարող է լինել ոչ միայն մեր իմացած թղթային պայմանագիրը, որտեղ բոլոր կետերը նշված են և քաղաքացին տեսնում է, այլ պայմանագիրը կարող է ունենալ ընդհանուր պայմաններ, որոնք պարտադիր չէ, որ գրված լինեն կոնկրետ ապրանք ձեռք բերելու ընթացքում՝ առանձին պատուհանով: Բիզնեսմենը, ապրանք վաճառողը կարող է այդ հղում անել ընդհանուր պայմաններին, որը պարտադիր պետք է տեսանելի լինի սպառողին: Կարգավորումների հիմնական մեխը դա է, այսինքն` բիզնեսմենը պարտավոր է ընդգծված նշում անել, որպեսզի սպառողը հստակ իմանա, որ առանց նշյալ պայմաններին համաձայնություն տալու՝ չի կարող օգտվել տվյալ ծառայություններից»,-ընդգծեց Դադունցը:
Նրա պարզաբանմամբ, այս օրենսդրական փոփոխությունները վերաբերում են Հայաստանում գրանցված ընկերություններին, որոնք էլեկտրոնային առևտուր կամ ծառայություններ են մատուցում, իսկ արտերկրյա ընկերություններից օնլայն ծառայությունների դեպքում «շատ բարդ դաշտ ենք մտնում», քանի որ այդ դեպքում գործում է տվյալ երկրների օրենսդրությունը:
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերվում է «միանալու պայմանագրերին», որոնց միանալիս, պայմանագիրը կնքելիս սպառողը չի բանակցում մյուս կողմի հետ, այդպիսի պայմանագրերը համարվում էին տիպային պայմանագրեր և դատարանները վարույթ չէին ընդունում,, հիմա փոփոխություններն արված են ի օգուտ քաղաքացու, որը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում:
Տիգրան Դադունցը հավաստիացրեց, որ առաջարկվող փոփոխություններն արվել են հօգուտ քաղաքացու, որն այսուհետ ավելի պաշտպանված կլինի Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս: Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթն այս պահին Ազգային ժողովում է:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ