Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «դիզվառելիքի գործով» նիստը: Դատարանը հարցաքննեց վկա Արսեն Հարությունյանին: Վերջինս 2011- 2014 թվականը եղել է «Մաքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն: Ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ նա ազգակցական կապեր ունի. «Եղել եմ ֆորմալ տնօրեն, իրական տնօրինությունն արել է Մանուկյան Խաչիկը: Իմ տնօրինությունը սահմանափակվել է կազմակերպչական հարցերով եւ ֆինանսական հարցեր՝ փոխանցումներ, կոնվերտացիաներ եմ արել: 2019-ի գարնան վերջ կամ ամռան սկիզբ Մանուկյան Խաչիկը ինձ կանչեց եւ ասաց, որ նման գործընթաց կա, իրեն հարցաքննել են, հնարավոր է ինձ էլ կանչեն հարցաքննության: Կանչել են, երկու անգամ»:
Ինչ վերաբերվում է բուն գործին, վկան ասաց. «Մանուկյան Խաչիկն ինձ հրահանգ տվեց, որ էսպիսի մրցույթ կա, այս գինը ներկայացրու՝ կմասնակցենք մրցույթին. կշահենք՝ լավ, ինչ-որ մեկի հետ կփորձենք մատակարարել, չենք շահի՝ Աստված մեր հետ»: Ավելի ուշ, պաշտպան Ամրամ Մակինյանի հարցին ի պատասխան՝ վկան հստակեցրեց, քանի որ խոշոր ներկրման մասին էր խոսքը, հավանաբար, նկատի է ունեցել, որ իրանական կամ վրացական որեւէ ընկերության հետ կմիավորվեն մատակարարում իրականացնելու համար:
Ներկրումների հետ կապված հարցերով Մանուկյան Խաչիկն է զբաղվել, ինքն ուղղակի տեղյակ է, որ Իրանից էին ներկրում վառելիքը, խոշոր ներկրող էին, բայց Վրաստանից այդ շրջանում չէին կարողանում վառելիք ներկրել, չգիտի, թե ի՞նչ պատճառով: Վկան տեղյակ է, որ գյուղատնտեսական մատակարարումների համար մրցույթին մասնակցել են նաեւ «Ֆլեշ» եւ CPS ընկերությունները: Նա հստակ չէր հիշում, թե ի՞նչ գնային առաջարկ է իրենց ընկերությունը ներկայացրել, քանի որ հաշվարկներն արել է Խաչիկ Մանուկյանը. «Միգուցե եւ էլեկտրոնային տարբերակով էլ ենք ուղարկել, բայց ես հիշում եմ, որ Խաչիկ Մանուկյանին առձեռն տվել եմ գնային առաջարկը, թե ինքն ո՞ւմ պիտի տաներ, ո՞ւմ պիտի ներկայացներ՝ չգիտեմ»:
Շատ հարցերի վկան պատասխաններ չուներ, կամ խիստ մոտավոր էր պատասխանում՝ իր աշխատանքային պարտականությունների շրջանակներից ելնելով:
Կարդացեք նաև
Վկան ասաց, որ տեղյակ չէ, հետեւաբար չի կարող հարցին պատասխանել, թե տվյալ մրցույթից հետո ինչո՞ւ պայմանագիր կնքվեց «Ֆլեշ» ընկերության հետ, այլ ոչ թե «Մաքս Օյլ»-ի, մինչդեռ, նախաքննական ցուցմունքում ասել է, որ վստահ էր, որ «Մաքս Օյլ» ընկերությունը պետք է շահեր, քանի որ ամենացածր գնային առաջարկն էր ներկայացրել: Միաժամանակ նաեւ ասել է, որ տեղյակ չէ, թե մյուս ընկերություններն ի՞նչ գնային առաջարկ են ներկայացրել. մեղադրողը տարակուսեց՝ ինչի՞ հիման վրա է իր եզրակացությունը: Վկան պատասխանեց, որ իր վստահությունը միգուցե նրանից էր, որ Խաչիկ Մանուկյանն էր վստահ, որ շատ լավ՝ մրցունակ, գին են ներկայացրել:
Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ