Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը վասալի կարգավիճակո՞վ է պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ»․ Նարինե Դիլբարյան

Փետրվար 23,2023 16:53

«Ինձ համար ցնցող եւ զարհուրելի էր, որ Սամվել Բաբայանը, որին ժամանակին Արցախում «կոմանդույուշչի» էին հորջորջում, մարդ, որ մասնակցել է Արցախյան առաջին հաղթական պատերազմին, իրեն համարել է զորահրամանատար ու մեծագույն հայրենասեր, այժմ ինչպիսի պարույրներով է անցնում դանթեական դժոխքի եւ մտքի ինչպիսի զարհուրելի խավարումներ կարող է ունենալ »,- «Հայելի» ակումբում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հարցազրույցին։

«Այս ամբողջ բանավեճն այն էր, որ Արայիկ Հարությունյանը որոշել է վերստին Սահմանադրական բարեփոխումներ անել, սակայն իրականում բարեփոխումների անվան ներքո նոր ճանապարհ բացել Ռուբեն Վարդանյանի հեռացման։ Եվ ահա Սամվել Բաբայանը Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսում է Արցախ-Ադրբեջան բանակցություններից՝ շրիշակից ցածր նշաձողի պայմաններում։ Նա ասում է, որ ունի ծրագիր՝ փոխհամաձայնության հանձնաժողով կազմելու եւ ադրբեջանցիների վերաբերյալ էլ հայտարարում, թե ձգձգումը նրանց օգտին չէ։

Փաստորեն, Սամվել Բաբայանը ադրբեջանցներին տեղեկացնում էր, որ ձգձգումը բացասական է, քանզի այդ ընթացքում Ռուսաստանը կարող է ուժեղանալ եւ Ադրբեջանին դարձնել վասալ։ Ու ինքը համոզված էր, որ Ադրբեջանը չի ուզում լինել Ռուսաստանի վասալ, ուստի պետք է բանակցությունների գա՝ իր նշած այդ հանձնաժողովով ու իր ձգտումներով»,-նշեց Նարինե Դիլբարյանը։

Լեզվաբանի ձեւակերպմամբ, առավել ահազարհուր, բացարձակ տրամաբանություն չունեցող եւ հակազգային միտք ինքը վերջին շրջանում չէր լսել․ «Ինձ համար նաեւ սարսափելի էր, որ Սամվել Բաբայանը, որ Արցախում ունի կուսակցություն, պատգամավորներ, ու այդ ամենով հանդերձ՝ կարող է իջնել գիտակցական մթագնման այդպիսի մակարդակի, որ ադրբեջանցիներին զգուշացնի՝ արագ եկեք բանակցեք։

Բայց ինչի՞ մասին պետք է ոչ վասալ Ադրբեջանը բանակցի Սամվել Բաբայանի հետ։ Այն Ադրբեջանը, որ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որ ինքը լուծել է Լեռնային Ղարաբաղի հարցը, կա բացարձակ Ադրբեջան․․․Բանակցի այն Ալիեւի եւ այն Ադրբեջանի հետ, որը նշում է, թե ով համաձայն չէ ընդունել իր քաղաքացիությունը եւ ապրել իր օրենքներով, ազատ է, կարող է հեռանալ, այսինքն` ոչ մի ազգային ինքնորոշում եւ ազգային հատկանիշ, բոլորդ ադրբեջանցի եք, իրենք մեզ հաղթել են, մենք կապիտուլյացիա ենք ստորագրել, մենք կապիտուլյանտներ ենք։ Սամվել Բաբայանը, փաստորեն, վասալի կարգավիճակո՞վ է պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728