Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը միջազգային ճնշումների տակ շուտով կկորցնի իր ամբողջ վարկանիշը և կվարկաբեկվի»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

Փետրվար 23,2023 16:46

«Այս առաքելությունների հիմնական նպատակը փաստահավաք գործունեությունն է Արցախի և ՀՀ-ի վերաբերյալ»,- փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի հետ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Նա շեշտեց՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների դերակատարությունը մեծ է այս աշխատանքում՝ հատկապես այս պահին Արցախի ժողովրդին հանել շրջափակումից, Բերձորի միջանցքը ապաշրջափակել, Արցախի ժողովրդին մեկուսացումից դուրս բերել։

Գասպար Կարապետյանը տեղեկացրեց՝ երեկ ողջ օրը համանախագահները եղել են Գորիսում, լայն շրջանակով հանդիպումներ են ունեցել, տեսել, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները սեպտեմբերի 12-ից հետո։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին փաստեց՝ ԼՂ-ի պատերազմը, ինչպես նաև հայկական սահմանին ագրեսիաները ստեղծել են նոր իրականություն։ Նա շարունակեց․ «Այս երեք օրվա ճանապարհորդությունը ՀՀ-ում մեզ ցույց տվեց, թե ինչ աստիճանի անհանգստացնող է այս իրավիճակը»։ Նա հայտնեց՝ կա ցանկություն այս առաքելությունը կրկնել, որպեսզի հնարավոր լինի ցույց տալ ՀՀ-ի և ԼՂ-ի իրավիճակը և թույլ չտալ, որ ամբողջ դաշտը ծածկի ուկրաինական պատերազմը։

Իրենց արձանագրումների մասին Ֆրանսուա Ալֆոնսին ասաց․ «Փաստել ենք տեղի ունեցած հարձակումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ես, լինելով Եվրոպական խորհրդարանում բնապահպանների խմբակցության անդամ, ցանկանում եմ հայտնել այն մասին, որ էկոլոգիան կարծես գործիք է դարձել, քանի որ ադրբեջանցիները բնապահպանների անվան տան փորձում են պատրվակ գտնել և փակել ճանապարհը։ Մինչդեռ նրանք, որոնք մասնակցում են այդ գործընթացին, գործակալներ են։ Մեր այս վկայությունները ցույց են տալիս, որ խոսքը մշակութային զտման և հայկական քաղաքակրթության ջնջման փորձերի մասին է։ Սրանք էթնիկ զտումների առաջին քայլերն են։ Մենք փաստում ենք, որ հայերն ապրում են անընդհատ հարձակումների վտանգի տակ։ Ցանկանում ենք ցույց տալ մեր համերաշխությունը հայ ազգի ներկայացուցիչներին, որոնք ապրում են ՀՀ-ում և Արցախում և մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ընդհանուր կարծիքի վրա»։

Պատգամավորը նաև ահազանգեց՝ գրավյալ տարածքներում մշակութային հուշարձաները վտանգի տակ են։ Նաև անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանն ասաց, որ նրանց ներկայությունը կարևոր է և դրական։

Այնուհետև վստահեցրեց․ «Թույլ չպետք է տանք, որ շրջափակումը պատճառ դառնա Արցախի ժողովրդի էթնիկ զտման։ Կարծում եմ՝ Ալիևը միջազգային ճնշումների տակ կկորցնի իր ամբողջ վարկանիշը և կվարկաբեկվի։ Իսկ այն բոլոր երկրները, որոնք ուշադրություն են դարձնում Ադրբեջանին տնտեսական շահերի համար, կհասկանան, որ տնտեսությունը չի կարող ավելի կարևոր լինել, քան կրիմինալ կառավարության հետ համագործակցությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728