Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե թավշյա, այլ սողացող հեղափոխություն էր»․ Հովհաննես Գալստյան

Փետրվար 23,2023 16:04

«Մյունխենը շատ ծանր տպավորություն թողեց։ Այդ առիթով հիշեցնեմ բոլշեւիկների առաջնորդ Լենինի խոսքը՝ վերջապես հեղափոխությունն իրականություն դարձավ։ Մակրոնը մեզ ավետեց, թե իրականում ինչի համար էր 2018թ․ հայկական հեղափոխությունը, որը փաստորեն, ոչ թե թավշյա էր, այլ սողացող հեղափոխություն։ Դրա նպատակը Ռուսաստանի սահմանները Կովկասով փակելը, Ռուսաստանին այստեղից հանելն էր»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Նրա խոսքով՝ «Մակրոնը հայտարարեց, որ սրանից հետո Հայաստանը Ռուսաստանի մուտքը Կովկաս փակելու դերակատարում է ունենալու, դառնալու է Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները դեպի Կովկաս փակելու միջոց։ Ու այս ֆոնին՝ մեկ էլ մեր արեւմտամետները սկսեցին ոգեւորվել, թե Մակրոնն ասել է՝ Հայաստանը պետք է դառնա բուֆեր։ Հայաստանի ողբերգությունն այն է, որ մեր քաղաքական էլիտայի մեջ չափազանց շատ է գործակալական ցանցը, եւ արեւմտյան, եւ ռուսական գործակալական ցանցը։ Վերջինս նույն կերպ հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Հիմա էլ սրանք են եկել, ասում են՝ Հայաստանը բուֆեր է։ Բուֆերն էլ, ֆորպոստն էլ դուք եք։ Ֆորպոստն էլ, բուֆերն էլ ձեր հայրական տունն է․․․»։

Ռեժիսորն ընդգծում է․ «Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է, որին ոչ պետք է Ռուսաստանի դեմ բուֆեր լինել, որի հետ ռազմավարական դաշնակցի հարաբերություններ ունի, ոչ էլ՝ Ռուսաստանի ֆորպոստ․․․Հիմա այս հեղափոխության իմաստը այլեւս հասկանալի դարձավ՝ ինչու է սողացող ու այսքան երկար։ Հարցն այն է, որ բոլորն ունեն իրենց հետաքրքրությունները այդ հեղափոխության մեջ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ կարմիր գիծ․ դա իշխանության մնալն է եւ վերջ։

Ադրբեջանն ասում է՝ իմ տարածքային ամբողջականությունը չի քննարկվում ու ամեն օր քարտեզներ է հրապարակում, որտեղ արդեն Սյունիքն էլ է իրենցը, մնացածն էլ վիճելի տարածքներ են․․․Դա իր կարմիր գիծն է։ Թուրքիայի կարմիր գիծն այն է, որ պետք է ցեղասպանությունը մոռանա, իսկ սրանց կարմիր գիծը սա է՝ մնում ենք իշխանության ու այս ամեն ինչի տակ ստորագրում ենք»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728