ԱՀ նախագահին կից գործող Հանրային խորհուրդը առաջիկայում կհանրայանացնի «Ղարաբաղ Տելեկոմ», «Արցախէներգո», «Արցախգազ», «ԱրցախՀԷԿ» ընկերությունների մասնավորեցման հիմքում դրված բոլոր փաստաթղթերի պատճենները:
Այդ փաստաթղթերը Արցախին վերաբերող միակ տեղեկությունը չէր, որ Հանրային խորհրդին ու մի շարք հասարակական կազմակերպություններին հետաքրքրել է: Հետաքրքրող հարցերը մի քանիսն են, որոնք հանրային խորհուրդը ի մի է բերել ու հարցումներ ուղարկել միանգամից ԱՀ մի քանի գերատեսչության՝ սկսած ԱՀ նյութական վնասների հատուցման կոմիտեից մինչեւ ԱՀ պետական նախարար: Ի դեպ՝ դրանք այն բոլոր հարցերն են, որոնց պատասխանը, ըստ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի՝ ԱՀ ներդրումային հիմնադրամը չի պատասխանել:
Իսկ հարցերից է նաեւ՝ կա՞ն արդյոք ԼՂՀ կառավարության կողմից ընդունված որոշումներ պետական գույքի մասնավորեցման պայմանագրերում պարտավորությունների ամրագրման եւ դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:
Հանրային խորհուրդը նաեւ խնդրել է տրամադրել 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ցանկը, որոնք պետական միջոցների հաշվին գոյացած կամ պետական բյուջեից ֆինանսավորվող մարմինների, հիմնադրամների կամ այլ կազմակերպությունների հետ կնքել են 50 միլիոն ՀՀ դրամը գերազանցող ցանկացած գործարք:
Կարդացեք նաև
Պահանջել են տրամադրել նաեւ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ցանկը, որոնցից պետական միջոցների հաշվին ձեռք է բերվել 300 քմ մակերեսը գերազանցող գույք, ինչպես նաեւ այն անձանց ցանկը, որոնք պետական սեփականություն հանդիսացող 150 քմ մակերեսը գերազանցող գույք են ձեռք բերել թեկուզ այն օտարողներից: Ինչպես նաեւ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցանկը, որոնք ցանկացած գործարքի կամ ակտի հիման վրա արժանացել են 50 միլիոն ՀՀ դրամից ավելի չափով պետական աջակցության:
Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը Aravot.am-ին ասաց, որ այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո բոլոր տվյալները հանրայնացնելու են։ Իսկ թե ինչու են հիմա սկսել հետաքրքրվել այդ հարցերով, ինչ կասկածներ կամ ոչ պաշտոնական տվյալներ ունեն այդ հարցերի վերաբերյալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր նպատակը միայն մեկն է, որ իմանանք՝ էդ մարդիկ ովքեր են, ինչ են, գումարները ով է ստացել, ոնց են ստացել, ում միջոցով: Որ իմանանք՝ այդ մարդիկ ովքեր են, արդեն կկարողանանք ասել՝ իշխանություն են, իշխանություն չեն: Դե հասկանալի է, որ առանց իշխանության չի եղել, առանց իշխանության այդ մարդիկ չէին կարող այդ գումարները ստանալ: Ժողովուրդը պետք է իմանա՝ էդ մարդիկ ովքեր են, որ ճիշտ ընտրություն կատարի:Մենք դիմել ենք հիմնադրամին, բայց հիմնադրամը այդ տվյալները մեզ չի տվել: Հիմա հասարակական կազմակերպություններն են դիմել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ