Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կատարվեն այդ պահանջները, կստացվի, որ Արցախում նշանակումներն ու ազատումներն անում են Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունը»․ պատգամավոր

Փետրվար 23,2023 15:03

«Դեռեւս 2022թ․ ապրիլի 14-ին Արցախի բոլոր քաղաքական ուժերը հայտարարություն տարածեցին միասնականության մասին։ Այսինքն, տարբեր հարցերի շուրջ լինելով տարակարծիք՝ մենք միասնական կարմիր գծեր սահմանեցինք Արցախի շուրջ եւ որոշեցինք, որ համախմբվում ենք այդ կարմիր գծերի շուրջ։ Որպես ճանապարհ սահմանվեց պայքարը՝ միակողմանի զիջումների չգնալը։ Կարծես թե ամեն ինչ ստացվում էր, բայց, ցավոք, վերջին ժամանակահատվածում ուժեղ պառակտում եղավ եւ դա սկսվեց, ցավոք, հենց Արցախի նախագահի ձեռամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե հետագայի համար քաղաքական ընդդիմությունն ի՞նչ գործողություններ է բխեցնելու՝ հաշվի առնելով Արցախի ներքին կյանքում վտանգավոր զարգացումների մասին ահազանգող ընդդիմության փետրվարի 22-ի միասնական հայտարարությունը։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որն անընդհատ խոսում էր միասնականության մասին, սկսեց հակառակ գործողություններ կատարել․ «Արդյունքում ընդդիմությունը, ինչպես հայտարարել էր, այդպես էլ հավատարիմ մնաց իր սկզբունքներին եւ հանուն Արցախի կարմիր գծերի՝ մի կողմ դրեց կուսակցական շահը։ Իսկ իշխանական թեւն ակտիվ կատարեց դրա հակառակը, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանը: Դա մեր համար անթույլատրելի է եւ անընդունելի։ Արայիկ Հարությունյանը շեղվեց այդ օրակարգից։ Այդ պատճառով երեկ մենք միասնական հայտարարություն արեցինք, որ պայքարից շեղումը չի կարող լինել մեր օրակարգը։ Եվ ԱԺ նիստում այսօր հայտարարեցինք, որ կողմ լինելով նստաշրջանի օրակարգին՝ չենք մասնակցում այսօրվա նիստին՝ նաեւ դրանով փաստելով մեր միասնական հայտարարությունը։ Արցախում բոլորի քայլերը պետք է պայմանավորված լինեն օրվա հրամայականով։ Իրենք շեղվել են։ Մենք չենք շեղվում»։

Մետաքսե Հակոբյանը վստահեցրեց, որ ընդդիմության միասնական դիրքորոշումը զուտ հայտարարություն չէ, եւ դրանից գործողություններ են բխելու․ «Ինչպես նախանշել ենք, այդպես էլ շարժվելու ենք մեր ճանապարհով։ Այլ բան է, որ նախագահը եւ իշխանությունը հետ կանգնեցին այդ օրակարգից։ Ցավոք, ստացվեց այնպես, որ արտաքին թշնամին մեզ «քիչ» էր, եւ Արցախում ներքին լուրջ խմորումներ են տեղի ունենում»։

Հարցին՝ մասնավորապես ո՞ր գործողություններն են փաստում, որ Արցախի իշխանությունը շեղվել է պայքարի օրակարգից, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նախ, Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը չի համապատասխանում այն իրողությանը, որում Արցախն է գտնվում։ Պաշտոններում տարերային նշանակումներն ու ազատումներն անթույլատրելի են այն առումով, որ իշխանությունը գոնե կարճաժամկետ կտրվածքով պետության համար ռազմավարություն չունի։ Այդ վտանգներին գումարվում են չհիմնավորված ազատումներ եւ նշանակումներ, ու գալիս են մարդիկ, որոնք իրենց պատկերացումներով են փորձում կառավարել։ Մինչեւ մարդիկ հարմարվում են, մինչեւ օրենսդիրը փորձում է օրակարգ հասկանալ, այդ մարդիկ ազատվում են պաշտոններից։ Բացի այդ, Արցախի շրջափակումից սկսած եւ դեռեւս մինչեւ շրջափակումն Ադրբեջանի իշխանությունը, եւ ՀՀ իշխանական թեւն իր պատգամավորներով արշավ սկսեց Արցախում վարվող քաղաքականության դեմ։ ՔՊ-ական պատգամավորները, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի հնարավոր նշանակումն Արցախի պետնախարարի պաշտոնում, ասացին, թե դա անթույլատրելի է եւ թե Արցախը խառնվում է ՀՀ ներքին կյանքին։ Շատ տգեղ, քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշարով մեկնաբանություններ արեցին հրապարակային հարցազրույցներում։ Ռուբեն Վարդանյանը մինչեւ այս պահը պաշտոնավարում է, բայց սկզբում նրա պաշտոնավարումը ցնծությամբ չընդունվեց Արցախում։ Չնայած դա պայմանավորված էր վերջին տարիների ծանր իրավիճակով եւ հիասթափություններով, բայց կարճ ժամանակում, հատկապես՝ շրջափակման ընթացքում, մարդիկ տեսան ու հասկացան։ Խոսքերից բացի տեսան կոնկրետ քայլեր։ Իրականում այն, որ շրջափակման ժամանակ Արցախում քաոս եւ խուճապ չտիրեց, դա պետնախարարի կազմակերպած աշխատանքի շնորհիվ է։ Սրան զուգահեռ հանրության հետ հանդիպումներ եղան, որի ժամանակ նա խոսում էր պայքարի կարեւորության եւ պայքարի ձեւերի մասին։ Դա մոտ էր մարդկանց սրտերին, դրա համար նրանք ընկալեցին ու ընդունեցին այդ օրակարգը»։

Մետաքսե Հակոբյանը նշեց՝ Արցախում չի հանդիպել որեւէ քաղաքացու, որը համաձայն չէ անգամ ծանր զրկանքների գնով պայքարել եւ չգնալ զիջումների․ «Ստացվեց այնպես, որ ժողովրդի որոշմանը հակառակ՝ Արցախի իշխանությունը ներքաղաքական դաշտում ստեղծեց իրավիճակ, քննարկեց, որ Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունն ինչ-որ պահանջներ են դնում, որոնք վերաբերում են Արցախի ներքին կյանքին, ցույց տվեց, որ Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունը հաջողեցին։ Ըստ էության, եթե նաեւ ՀՀ իշխանության ճնշմամբ կատարվեն Ադրբեջանի պահանջները, կստացվի, որ Արցախում նշանակումներն ու ազատումներն անում են Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունը։ Որեւէ խելամիտ հայի կամ սթափ քաղաքական ուժերի համար սա չի կարող ընդունելի լինել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728