Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց ս.թ. փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները… որպեսզի ապահովի մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով» և դրանով իսկ բացահայտում է ֆարսը, որ «բնապահպան ակտիվիստներն» էին արգելափակում ճանապարհը:
Արդարադատության միջազգային դատարանը նշեց, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների համաձայն՝ երկիրը պետք է դադարեցնի «դեպի Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման խոչընդոտելը… ինչը հանգեցնում է սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ բժշկական պարագաների պակասորդի»։
Արդարադատության միջազգային դատարանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտականություններին, որտեղ հստակորեն ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։
Որոշման հիմքում ընկած է Հայաստանի դիմումը՝ միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով, ինչն իրականացվում է 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից։ Շրջափակումը սարսափելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել և արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է, չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչերին, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին», և հրապարակայնորեն կոչ արեց «Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:
Կարդացեք նաև
Լաչինի միջանցքի փակումը, որը ծառայում է որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող կարևորագույն կենսական ճանապարհ, և դրա արգելափակումը թույլ չի տալիս սննդի, կարևոր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը 120,000 մարդու, ներառյալ՝ 30,000 երեխաների, 20,000 տարեց անհատների և 9,000 հաշմանդամություն ունեցող անձանց: Ավելին, Ադրբեջանը դիվերսիաներ է իրականացրել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ դադարեցրել է բնական գազի մատակարարումը։
Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանն առանձին վճռով միաձայն մերժեց Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի՝ ենթադրաբար, Հայաստանի կողմից ականներ տեղադրելու վերաբերյալ:
Ամերիկայի հայկական համագումար