Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուներն աջակցություն կստանան նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամին աշխատանքի ընդունելու դեպքում

Փետրվար 23,2023 14:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Ըստ այդմ, առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։ Որպես միջոցառման շահառուներ հիմնականում նախատեսվել են ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձինք՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026թ.թ. ծրագրով նախատեսված ոլորտային գերակայությունները: Շահառուների տարիքային բաժանման համար հաշվի է առնվել նաև «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները։ Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք երեխայի խնամքով պայմանավորված աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ: Իսկ թիրախ խմբերում 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, համաձայն որի պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ։

Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին աշխատանքի ընդունելու դեպքում առաջարկվում է գործատուին տրամադրել միանվագ աջակցություն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի փոխհատուցման համար։ Աջակցությունն առաջարկվում է տալ այն գործատուներին, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագիր են կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։

Թոշակառուների և նպաստառուների անկանխիկ վճարումներից տրամադրվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ համակարգի ներդրումից մինչև հունվար ամիսը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել: «Դրանից հետվճար տրամադրել ենք 1 միլիարդ 29 միլիոն դրամ: Բնականաբար, յուրաքանչյուր ամիս ունի իր տոկոսները, ծավալները: Հունվարին՝ դեկտեմբերի և նոյեմբերի համեմատ ցածր աճ կա: Դա պայմանավորված է դեկտեմբեր ամսվա ամանորյա ծախսերի հետ՝ կապված գնողունակության մեծացմամբ: Մենք ակնկալում ենք, որ փետրվարին թիվը կմեծանա՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի քան 1000 գյուղերում ներդրվել է անկանխիկ ձևաչափով նպաստների և թոշակների տրամադրման գործընթաց»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա նշանակում է՝ այդ մարդկանց համար սեպտեմբերից թոշակը ոչ թե 3000, այլ փաստացի 6000 դրամով է ավելացել: «Կարծում եմ՝ սա կարևոր ցուցանիշ է նաև նրանով, որ այս առևտուրը, գործարքներն ամբողջությամբ իրականացվում են թափանցիկ: Սա նաև կարելի է համարել կառավարության և թոշակառուների համագործակցություն՝ ստվերի դեմ պայքարում»,-ասել է վարչապետը:

Կպարզեցվեն և կարագացվեն սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանահատման, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձևակերպումների և հայտարարագրման գործընթացները պարզեցնելու նպատակով: Գործընթացն ավելի պարզեցնելու և դրա վրա ծախսվող ժամանակը նվազեցնելու նպատակով առաջարկվում է միևնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձևակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը կազմակերպելու նպատակով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում ձևավորել ոչ թե փոխադրվող ապրանքային խմբաքանակների թվաքանակով հայտարարագրերի էլեկտրոնային տեսքեր, այլ մեկ տարանցիկ հայտարարագրի տեսք՝ հաշվի առնելով այն, որ տվյալ բոլոր խմբաքանակները տեղափոխվում են մեկ տրանսպորտային միջոցով, մեկ փոխադրողի կողմից, միևնույն ժամկետում և առաքման միևնույն վայրը: Այս դեպքում առաջարկվում է մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները, միևնույն ժամանակ տարանցիկ հայտարարագրման համակարգում նախատեսելով հայտարարագրի էլեկտրոնային տեսքին կից փաստաթղթի առկայություն, ուր կնշվի յուրաքանչյուր խմբաքանակի ստացողի տվյալները և որի հիման վրա կաշխատի ռիսկերի կառավարման համակարգը: Արդյունքում՝ կնվազեն ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերը:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջին կիսամյակի ընթացքում կներդրվի երկու էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ոչ միայն «կանաչ», այլ նաև «դեղին» ու «կարմիր» ուղիների դեպքում հնարավորություն կլինի մաքսազերծման գործընթացն իրականացնել համակարգչով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ազդեցություն կունենա այն դեպքերում, երբ մի բեռնատարով մի քանի մարդկանց պատկանող բեռներ են տեղափոխվում: «Տեսականորեն կարող է լինել, որ մի բեռնատարի մեջ լինի 20 մարդու բեռ: Դա ենթադրում է, որ ամեն մարդու համար հերթով այդ հայտարարագիրը պետք է լրացնել: Հիմա ստեղծվում է հնարավորություն, որ այդ մարդկանց պատկանող բոլոր բեռների համար լրացվի մեկ ընդհանուր հայտարարագիր: Արդյունքում՝ կբացվի լրացուցիչ էլեկտրոնային հարթակ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ սրանք մաքսային վարչարարության պարզեցման ընդհանուր ծրագրի և ռազմավարության տարբեր հատվածներն են, որոնք փուլ առ փուլ իրականացվում են:

 Գործադիրը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ հատկացնելով 2 մլրդ 387 մլն դրամ

 Կառավարությունը 2,387,497.6 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թվականների սուբվենցիայի 27 ծրագրերը:

Մասնավորապես, իրականացվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի 21 կմ ընդհանուր երկարությամբ գազատարի, Թալին համայնքի Լուսակն բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, Արարատի մարզի Մասիս բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի կառուցման, Զորակ և Այնթապ բնակավայրերի փողոցների նորոգման, Արտաշատ    12 բնակավայրի       ոռոգման համակարգերի կառուցման/նորոգման աշխատանքներ: Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրում հիմնանորոգվել են մայթերը, Մեծամոր բնակավայրում կառուցվել է խմելու ջրամատակարարման ցանց, Ակնալիճ բնակավայրում՝ 500 գծմ երկարությամբ գազատար: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է շատրվանային համակարգ, Զոլաքար համայնքում կառուցվել է մանկապարտեզի շենք, բարեկարգվել է տարածքը: Լոռու մարզի Սարահարթ բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ, Գոգարան բնակավայրում իրականացվել են կենտրոնական փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում, Գյուլագարակ, Կուրթան և Հոբարձի բնակավայրերում՝ ճանապարհների ասֆալտապատում: Կոտայքի մարզի Աբովյան համայնքում կառուցվել է փողոցային լուսավորության համակարգ, Զորավան բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկաձոր բնակավայրի Օրբելի եղբայրներ և Չարենցի փողոցների, Պահլավունյաց, Սարալանջ հատման հատվածով դեպի Մ.Մկրտչյան փողոց և դեպի Հայֆիդայիների փողոցի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ: Սյունիքի մարզի Գորիս բնակավայրում հիմնանորոգվում է թիվ 3 մանկապարտեզի շենքը, Շինուհայր և Տաթև բնակավայրերում վերանորոգվում են մանկապարտեզների շենքերը: Վայոց ձորի Վայք համայնքում իրականացվել են փողոցների վերանորոգման, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ ճանապարհահատվածի հիմնանորոգում աշխատանքներ:

Արտոնություններ են տրամադրվել մի շարք ընկերությունների ներդրումային ծրագրեր իրականացնելու շրջանակում. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ագրոինվեստ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։ Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային ապրանքանիշ։ Իսկ որպես մրցակցային առավելություն հարկ է նշել, որ ընկերությունը առաջիկա տարիներին դառնալու է խոշոր արտահանող դեպի ԵԱՏՄ շուկա, քանի որ սպասվելիք բերքը նախատեսվում է իրացնել հիմնականում արտաքին շուկաներում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 600 մլն դրամի ներդրում ինտենսիվ այգու հիմնման աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում կստեղծվի 19 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 229 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17,6 մլն դրամ։

2014 թ.-ին հիմնադրված «Սովթ պապիրուս» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Թողարկված արտադրանքն ամբողջությամբ նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում։ Արդեն իսկ իրականացվել է 213 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 180 մլն դրամի ներդրում, որից 150 մլն դրամը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ 30 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 218 մլն դրամ:

«Սարմետ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մետաղական կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.97 մլրդ դրամի ներդրում, որից 157,1 մլն դրամն արդեն իսկ ներդրվել է հումքի ձեռքբերման համար։ Կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ մինչև 133 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128.3 մլն դրամ:

«Տեխկամ ՏՏԿ» ընկերութունը ներմուծվող հումքը կօգտագործի ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության (սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից) համար։ Նախատեսվում է հիմնել նաև նոր գործարան։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ իրականացնելով 2 մլրդ դրամի ներդրում, որից 369 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է հումքի ու սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 86 նոր աշխատատեղ՝ 130-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128.5 մլն դրամ:

«Ռոման Ուսոյան» ԱՁ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կարի արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկրությունն արտադրությունն իրականացնելու է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ մինչև 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113.4 մլն դրամ:

«Մայեռ պլաստ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 201.4 մլն դրամի կապիտալ ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 209 մլն դրամ:

«Մարտին Սթար» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել 2021-2022 թվականներին մեկնարկած պաղպաղակի և 2022 թվականին մեկնարկած սև և լուծվող սուրճերի արտադրությունների համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում՝ իրականացնելով 1.7 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար, որից 1 մլրդ դրամը պաղպաղակի արտադրության, իսկ մնացած մասը՝ սուրճի արտադրության ոլորտում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 313-340 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 966 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու ավելի բարենպաստ պայմաններ 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ըստ հիմնավորման՝ աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ Ծրագրի շրջանակում 30.12.2022թ. դրությամբ հավաստագիր է ստացել 3293 շահառու, որից շուրջ 120 շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին ծրագրի շրջանակում ստանալ հավասարաչափ աջակցություն՝ անկախ ձեռք բերվող գույքի արժեքից, ինչպես նաև բացառել ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ նշված մարմիններից որևէ մեկի բացթողման կամ անփութության արդյունքում շահառուների իրավունքների ոտնահարումը։

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 340 քաղաքացիների կացությունն ապահովելու անհարժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում։ Կառավարության համապատասխան որոշումներով արդեն հատկացվել է 114 850.9 հազ. դրամ և 98 490.5 հազ. դրամ: Այսօրվա որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցների կողմից կատարած ծախսերը, ինչպես նաև քաղաքացիների տեղափոխման ծախսերը։ Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 91 080 500 ՀՀ դրամ, իսկ տեղափոխման ծախսերը՝ 6 380 000 ՀՀ դրամ:

Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:

Օրենսդրական նախաձեռնություններ 

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր: Նախագծերով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել համապատասխան լրացումներ՝ նախատեսելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության,    խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումներ:

Հավանության է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում: Մասնավորապես, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց ծառայություններից օգտվելը դյուրինացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ որակավորման վկայական ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ նրանց հետ կապի միջոցները։ Նախատեսվում են ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) և դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ ուղղությամբ օբյեկտիվ, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման իրական հնարավորություններ: Այդ նպատակով նախատեսվում է, որ ճանապարհային ցանցի նկատմամբ իրավունքների գրանցումը կարող է իրականացվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ: Ընդ որում՝ գրանցումն իրականացվում է անվճար:ապահովել նաև ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) և դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքի գրանցումը և դրա հիման վրա տեղեկատվական բազա վարելու գործառույթների կանոնակարգումը: Կվերացվի 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ և տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը:

Այլ որոշումներ. Երևանում կհիմնվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր 

Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյուքմում Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցի բոլոր աշակերտները յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով: Ըստ «Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված շենքի հետազոտության արդյունքների տեխնիկական եզրակացության Ծարավ Աղբյուրի փողոց 64 հասցեում գտնվող շինությունների վնասվածությունը համարվում է 4-րդ աստիճանի և ենթակա են քանդման։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 85 250 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 37 622 212,4 դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728