Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում, համաձայնելով այն տեսակետին, որ քարոզչական ոլորտը ֆեյքերով ակտիվ պահելու նպատակով իշխանությունը շատ մեծ գումարներ է ծախսում իր ՀԿ-ների վրա, ասաց, որ այդ աշխատողները դրսում մկրտություն անցած մարդիկ են ու փոխվում են ըստ իրավիճակի: «Դրանք մեր նման չեն, որ մեր ճանապարհն ուղիղ բռնված՝ գնում ենք: Իրենց այս րոպեին պե՞տք է՝ ընդդիմադիր են դառնում, պե՞տք է՝ իշխանական կամ իշխանամետ, պե՞տք է՝ չեզոք: Նրանք դրանում կոփված են, տեխնոլոգիաները սովորել են: Մենք էլ միամիտ-միամիտ ուզում ենք այդ ասպարեզում նրանց հետ մրցել: Իսկ որ անցնենք գործնականի, իրենք այնտեղ չկան: Իրենք վախկոտ են, որովհետեւ «դուխը» ընդամենը գլխներին է գրված: Իրենք ներսում չունեն այդ դուխը, որովհետեւ գործնական կյանքում ոչինչ չեն արել: Դրա համար ասում եմ. խոսելուց հոգնել եմ: Գործ է պետք անել:
Տեսեք, ամեն օր թեմաներ կան ու դրանք թեմաներ են, որոնց գայթակղությանը չես դիմանում ու դու էլ ես խոսում այդ մասին: Բայց պիտի հասկանանք, որ մենք կրակը թողել ենք ու «ծուխ հանող մոխրի վրա ենք միզում»: Կրակը մեկն է ու այդ մեկին բերողները: Իրենք հիմա այդպիսի կրակների լիքը օջախներ են վառել: Նպատակը. իրենց բոլոր խոսափողերով, նաեւ՝ թաքնված, անեն այնպես, որ ոչ մի հայ չունենա հեղինակություն: Եթե տասը հոգու վրա ազդող մարդ լինի, նրան պետք է փչացնեն: Որպեսզի չլինի որեւէ մեկը, որը կարողանա որեւէ համախմբվածություն ձեւավորել: Եվ ապացուցելն էլ կարեւոր չէ: Նախանձը դարձրել են ազգի նկարագիր»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Նա նաեւ Ամուլսարի հանքի վերագործարկման առիթով անդրադարձավ, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստներին», որոնք նախկինների ժամանակ ամեն մի առիթով մեծ աղմուկ էին բարձրացնում, սակայն հիմա լուռ են ու չկան: «Այդ բոլորը մի տեղից են սնվում: Եվ դա գլխավոր հանցագործին բերած ուժն է, որը տարբեր օջախներ է պահում: Մեկը թաքնված է ազգայինի տակ, մեկը՝ «փոշմանած» է: Բայց բոլորը դպրոց են անցել:
Ես մի անգամ բերեցի ֆրանսիական լծի տակ եղած Հայիթիի օրինակը, թե ինչպես այնտեղ կարողացան հեղափոխություն անել ու ամեն ինչը դարձնել ազգային: Պարզապես, արգելվեց արտասահմանում սովորած որեւէ մեկին ինչ-որ կարգավիճակից բարձր պաշտոն տալ: Եթե գնացել ես Բրիտանիա կամ մի ուրիշ երկրում սովորել ես, արդեն ինչ-որ տոկոսով անվստահելի ես: Քեզ կարող է հավաքագրած լինեն: Մենք 30 տարի ուղարկեցինք՝ գնացին մի լավ հավաքագրվեցին, հակահայկական բոլոր քարոզների դպրոցները լավ անցան եւ ուղեղները լվացած հետ եկան: Ու հիմա ուզում ենք, որ նրանցից որեւէ մեկի մեջ ազգային ինչ-որ բան արթնանա, խիղճ առաջանա: Մի ամբողջ սերունդ սպանեցին՝ ուզում ենք գիշերները վատ երա՞զ տեսնեն: Ոչ: Բայց, միեւնույն է. հայի մազին կպնողը տասնապատիկ, հազարապատիկ կորցնում է»,- ասաց ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ