Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավելյալ քննարկում ենք արել եւ որոշել, որ այսօրվա նիստին չենք մասնակցելու»․ Արցախի ԱԺ պատգամավոր

Փետրվար 23,2023 13:49

«Երեք ընդդիմադիր խմբակցություններով հայտարարություն ենք հրապարակել այն մասին, որ հաշվի առնելով ընդհանուր ներքաղաքական խնդիրները եւ մարտահրավերները, որոնք մեր առաջ են, երեք քաղաքական ուժերով հավելյալ քննարկում ենք արել եւ որոշել, որ այսօրվա նիստին մեր մասնակցությունը չենք ապահովելու»,-Արցախի հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը (լուսանկարում)՝ դիմելով նիստը վարող ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին։

«Խնդրում ենք աշխատանքը շարունակել առանց երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի»,-նշեց Դավիթ Իշխանյանը։ «Ձեր իրավունքն է»,-արձագանքեց Գագիկ Բաղունցը։

Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն», Ժողովրդավարական կուսակցությունները եւ ՀՅԴ Արցախի կառույցը փետրվարի 22-ին համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․ «2020թ. պատերազմից հետո մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երևույթները և դրանք լուծելու իշխանությունների անպատրաստությունն ու վճռականության բացակայությունը հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների: Դրա արդյունքում հաճախակի փոխվում են կառավարության անդամները և ստեղծվում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջորեն վնասում են կառավարման համակարգի արդյունավետությանը: Խորքային խնդիր է դարձել նաև Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս ոչ բավարար մակարդակն ու որակը: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում ազգային խնդիրների և, մասնավորապես, միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում: Հայկական երկու հանրապետությունների փոխհարաբերություններում նվազող վստահության հանգամանքն արտառոց երևույթ է:

2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնությունը ակնհայտ հակասում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արցախի հարցով հայտարարված ծրագրային դրույթներին: Մենք իրավունք չունենք և չենք կարող մոռացության տալ այն իդեալները, որոնք մեզ առաջնորդել են ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարյան օրերին, երբ գտնվելով առավել դժվարին պայմաններում՝ կարողացանք ոչ միայն միասնության հասնել Արցախի ներսում, այլև պայքարի ալիքը տարածել մայր Հայաստանում և Սփյուռքում: Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում անչափ կարևոր նշանակություն է ստանում ներքաղաքական միասնության ու կայունության գործոնը, որը 2020թ. աղետաբեր պատերազմից հետո դարձել է Արցախի սուբյեկտայնությունը պահելու գրեթե միակ միջոցը: Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև ՀՀ իշխանությունների ուղղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև ԱՀ իշխանությունները:

Փաստ է նաև, որ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի առայսօր շարունակվող շրջափակումը: Չի կարելի անուշադրության մատնել այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի վճռականության վրա ազդելու փորձերը ակտիվացել են այն բանից հետո, երբ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի կողմից սահմանվել են «կարմիր գծեր», որոնց հատումը ցանկացած պարագայում անթույլատրելի է: Դրան հաջորդել է Արցախի ժողովրդի կողմից միասնականության պահպանման և 1988թ. սկսված պայքարի ոգին ամուր պահելու պատրաստակամությունն ապացուցող 2022թ. հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահավաքները: Նման ձևով համաժողովրդական կամքի արտահայտումը ոչ այլ ինչ է, քան յուրատեսակ պլեբիսցիտ՝ արցախահայության դիրքորոշումը վերահաստատելու ուղղությամբ: Քաղաքական այս կեցվածքով մենք նաև յուրահատուկ ազդակներ ենք փոխանցել մեր հայրենակիցներին՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ Սփյուռքում:

Այսքանով հանդերձ, երբ 70 և ավելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանությունները իրավունք չունեն շեղվելու ՊԱՅՔԱՐԻ ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա: Ցանկացած բացթողում, սխալ որոշում և չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին և ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության: Անթույլատրելի ու վտանգավոր ենք համարում իշխանությունների այն վարքագիծը, երբ սեփական անկարողությունը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված ժողովրդաիշխանությունն ապահովող մարմինների նկատմամբ անվստահության քողի ներքո: Մենք ազդարարել ենք վերազարթոնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրվանի մասին և շարունակելու ենք մեր մասնակցությունը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարվող համահայկական պայքարին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728