Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի չափորոշիչների մշակման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ռուսաստանը ձեռնարկում է նպատակաուղղված ջանքեր Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Դրանց հիմքում 2020-2022թ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը նախատեսում է մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով կապերի զարգացում: Հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ այդ քայլերը համատեղ «պետք է ստեղծեն ամուր, կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում, որի արտացոլումը կլինի խաղաղության պայմանագիրը»:
«Մեր միջնորդությունը նրանում է, որպեսզի ապահովենք կառուցողական և բովանդակալից երկխոսություն՝ փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծում փնտրելու համար, որը հաշվի կառնի երկու կողմերի շահերը: Այդ նպատակով ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաևը իրականացնում է պարբերական այցեր Երևան և Բաքու: Մենք նաև գործընկերներին ենք փոխանցել Ռուսաստանի պատկերացումները հիմնարար սկզբունքների և խաղաղության պայմանագրի չափորոշիչների վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»,- ասել է Գալուզինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ