«Գյումրին հանրապետությունում իր տեղն ունեցող քաղաք է, եւ սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել՝ հետերկրաշարժյան, հետպատերազմյան․․․ նպաստել են սոցիալական խնդիրների ավելանալուն։ Բայց հիմա, փառք աստծուն, Գյումրին ծաղկուն քաղաք է։ Ես օր օրի տեսնում եմ, որ սոցիալական խնդիրները նաեւ նվազում են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը մարզպետ է նշանակվել մոտ մեկ ամիս առաջ։
Հարցին՝ օրինակ` Գյումրու տնակների թիվը նվազե՞լ է, մարզպետը պատասխանեց՝ տնակների վերացումը մեկ օրում չի արվում, փուլային աշխատանք է․ «Մինչեւ 2027 թվականը պետք է տնակներից ազատվենք։ Դրա համար ամեն հնարավոր աշխատանքը պետք է անենք»։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, նա ասաց՝ կանխատեսում չանեմ, առանց սահմանի բացման էլ Շիրակի մարզը զբոսաշրջության առումով ծաղկուն, լավ վիճակում է, իսկ սահմանի բացումով մարզը, միանշանակ, կզարգանա։
«Չասեմ՝ դեմ եմ, թե կողմ սահմանի բացմանը, երբ զարգացումներ ընթանան, արդյունքներով պետք է գոհ կամ դժգոհ լինենք, կողմ կամ դեմ լինենք»,-ասաց մարզպետը։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, որ գյուղացիները հակառակն են ասում, օրինակ՝ թուրքական էժան գյուղմթերքը մեր շուկան կգրավի, գյուղացիների բերքը չի վաճառվի, մարզպետը պատասխանեց․ «Ցանկացած պարագայում, երբ որեւիցե տարածքում ներդրումներ են լինում, էստեղ էդ ներդրումները չկապենք բաց ու փակի հետ, էս ներդրումները կապենք ներդրողների, արտադրության եւ տնտեսության զարգացման հետ։ Երբ ֆինանսական հոսքեր են լինում, բնականաբար, զարգացում չի կարող չլինել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ