Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքով բնակիչների առողջությանը վտանգող հնարավոր ռիսկերին։ Նա պատասխանելով հարցին՝ արդյոք մտահոգություն չունի, որ հանքի շահագործումից արտանետվող քիմիական տարրերը բացասաբար են ազդելու բնակիչների առողջության վրա, պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները իրականացվել են, իրականացվում են եւ ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է։ Մենք, որպես առողջապահական գերատեսչություն, մշտապես հետեւում ենք ոչ միայն տվյալ, այլ նաեւ այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին եւ դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատականներ հնչեցնում ենք»։
Նախարարը նաեւ վստահություն հայտնեց, որ Ամուլսարի շահագործման ծրագրով բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները եւ հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ եւ չափանիշներին համապատասխան շահագործում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ