Վարչապետի ելույթն Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի պահանջը բավարարելու մասին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Կարդացեք նաև
Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որ վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:
Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանում Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:
Հարգելի գործընկերներ,
Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:
Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքա՞ն էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է՝ միջազգային պարտավորությունը:
Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:
Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:
Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Ասացի արդեն, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է:
Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձրագույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:
Շնորհակալ եմ ուշադրության համար»: