Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը ցույց է անում

Փետրվար 23,2023 11:46

Ֆիրդուս թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանն այսօր նույն թաղամասի մի քանի բնակիչների հետ բողոքի ցույց է անում կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում կառավարության այն ներկայացուցիչների հետ, որոնք համակարգում են թաղամասի կառուցապատման ծրագիրը։

«15 տարի է՝ գերության մեջ ենք։ 33-րդ թաղամասը՝ Հանրապետության, Խանջյան փողոցներն ու Ֆիրդուսը 2008 թվականից ընդգրկել են գերակա շահի տակ, մենք հիմա չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, այդ գերակա շահը ռեզինի նման ձգվում է։ Վերջին նամակը, որ ստացել ենք, ասում են՝ գերակա շահը հետաձգվել է մինչեւ 2023 թվականի ապրիլի 15-ը։ Բայց այսօր փետրվարի 23-ն է՝ կառավարությունից որեւէ մեկը կամ ներդրողները բնակիչներից որեւէ մեկի հետ չեն հանդիպել, չեն ասել, թե փոխհատուցումը ինչպես է ու ինչ գներով է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Սաֆարյանը։

Նրա պատմելով՝ նշված թաղամասում, ըստ կառավարության, կա 112 բնակիչ՝ ներառյալ Խանջյանի 7 բնակիչները, որոնք վերջերս նամակ են ստացել տարածքը գերակա շահ ճանաչելու մասին, հետեւաբար՝ տարածքը պետք է ազատեն․ «1200 քառակուսի է մնացել գերակա շահի տակ։ Վերջերս էլ Խանջյան 7-ն էլ վերցրեցին գերակա շահի տակ։ Հայտարարություն են տվել, որ վաճառվում է՝ 1քմ-ն 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ չեն ստացել, որ տարածքն օտարվում է։ Նույնը կատարվում է մեզ հետ»։

Ռաֆայել Սաֆարյանին պատկանող տարածքը 33-րդ թաղամասում է, Հանրապետության հրապարակին կից Ֆիրդուսի թաղամասում։ Սաֆարյանը երկար տարիներ պայքարում է, որ համարժեք փոխհատուցում ստանա, սակայն իշխանություններն, ըստ Սաֆարյանի, մտադիր չեն նման բան անել։ Դեռ մի բան էլ ԴԱՀԿ-ին են ուղարկում տարածքն ազատելու համար։

Հիշեցնենք, որ այս թաղամասը գերակա շահ ճանաչվել է 2006 թվականին, նախատեսված էր նոր թաղամաս կառուցել։ Սակայն ներդրումային ծրագիրը ձախողվեց։ Հետո 2018-ին ամբողջ տարածքը կրկին հանրային գերակա շահ է ճանաչվել։ Եվ կրկին, նախատեսվում է այստեղ բնակելի թաղամաս, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ն, ըստ բնակիչների, առաջարկել է 750 դոլար 1 քմ-ի դիմաց, մինչդեռ այդ տարածքում բնակելի համալիրում բնակարանի 1քմ-ի գինը սկսվում է 3000 դոլարից։

«Փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել․ 815 քմ հողատարածքի վրա ունեմ 450քմ սեփական շինություն, 360քմ ապօրինի շինություն, որի համար գույքահարկ ենք վճարում։ Հիմա նորից փոխհատուցում են առաջարկում 408 մլն դրամ, նույն 2018 թվականի գնահատումն է։ Ուզում են լումաներով փոխհատուցեն, ես էլ չեմ համաձայնվում։ Ո՞վ գրել է այս գերակա շահի մասին օրենքը, սա գերակա շահ չէ։ Իրենց ուզածով գնահատում են տարածքը, կոպեկներ առաջարկում, չենք համաձայնվում, ուղարկում են դատարան, ու հարկադիրն էլ գալիս հանում է մեզ»,-ասաց Սաֆարյանը։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728