JAMnews. Հայաստանի փորձագիտական շրջանակները վերլուծում են, թե ինչի է հանգել «ղարաբաղյան շարժումը», որը սկսվել էր ուղիղ 35 տարի առաջ։
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Ղարաբաղյան շարժման առանձնահատկությունները
«1989 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում խախտվել է, մինչ օրս էլ խախտվում է մարդու իրավունքների հռչակագրի հիմնարար սկզբունքը` նախ Խորհրդային Միության, ապա Ադրբեջանի կողմից:
Ըստ էության, տեղի ունեցավ պետությունների փոփոխություն։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին, փոխվեց իրավական ռեժիմը։ Խորհրդային Միությունը հստակեցնում էր ինքնավարությունների իրավունքները և ճանաչում ինքնավարությունների ինքնորոշման իրավունքը։ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման դեպքում ինքնավար մարզերը և հանրապետություններն իրավունք ունեին ինքնուրույն որոշել իրենց կարգավիճակի հարցը՝ ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան։ Բայց նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորված նոր պետությունը՝ Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչեց Լեռնային Ղարաբաղի որևէ իրավունք»։
Ազատության կորուստ
Կարդացեք նաև
«Ղարաբաղյան շարժումը հասավ իր նպատակին, ինչն արտահայտվեց ԼՂՀ հռչակմամբ։ Բայց 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո կարելի է ասել, որ Արցախի ժողովրդի համար սկսվել է նոր, ամենադժվար փուլը՝ ազատության կորուստը։
Արցախն այսօր, ըստ էության, շրջափակված է և օկուպացված։ ԼՂՀ տարածքի մի մասը օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, մյուս մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Արցախը կորցրեց իր ազատությունը, այն խլեցին ուժով, իսկ Հայաստանը չկարողացավ պաշտպանել նրան այդ ագրեսիայից։ Այժմ հասարակությունը պատանդ է, իսկ շրջափակումը, որն Ադրբեջանը սկսել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին, անազատության դրսևորում է։ Սա Արցախի քաղաքական ճակատագրի ամենաբարդ փուլերից մեկն է։ Բայց սա վերջը չէ, քանի որ մարդիկ չեն պատրաստվում հրաժարվել իրենց իրավունքների համար պայքարից»։
Նաիրա Հայրումյան, քաղաքական մեկնաբան
Բոլշևիկների որոշումը
«Շարժման դեմ որևէ փաստարկի բացակայությունը ապացուցեց Ադրբեջանը, որը Սումգայիթի ջարդերից ու ռազմական ուժի կիրառումից բացի այլ բան չկարողացավ հակադրել»։
Դե ֆակտո վերամիավորում Հայաստանի հետ
«35 տարիների ընթացքում Ղարաբաղյան շարժումը փոխել է պարադիգմը։ 1994 թվականին, երբ հայկական կողմը հաղթեց Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում, տեղի ունեցավ փաստացի տարածքային վերամիավորում։ Մինչ այդ Հայաստանի և Արցախի միջև կապ չկար, ինչը շատ խնդրահարույց էր, քանի որ առանց աշխարհագրական կապի քաղաքական կապն ավելի դժվար է դառնում։
Հայկական կողմը որոշակիորեն հանգստացավ՝ նպատակին հասել էր, ֆիզիկական վերամիավորումը տեղի էր ունեցել։ Դրանից հետո արդեն սկսվեցին միջպետական բնույթի գործընթացները, մեկնարկեց օրենսդրության, կենսաթոշակային համակարգերի, ֆինանսական համակարգի ներդաշնակեցումը։
Այս փաստացի վերամիավորումը փորձեցին օրինականացնել նաև միջազգային մակարդակով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջ գործընթացը գնում էր սրան։ Մինսկի գործընթացների իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Հայաստանի հետ ֆիզիկական կապի ապահովումն էր։
Ղարաբաղյան հակամարտությունը միշտ տարբերվել է վրացական և մոլդովական ճգնաժամերից, որտեղ համաշխարհային հանրությունը պահանջում էր վերականգնել Վրաստանի և Մոլդովայի, իսկ Ղրիմից հետո՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Լեռնային Ղարաբաղի դեպքում նման միանշանակ պահանջ չկար։ Տարածքային ամբողջականության հետ մեկտեղ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից էր ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական կապի ապահովումը Հայաստանի հետ։ Այդ անհրաժեշտությունը ոչ մեկի կողմից չի վիճարկվել և մինչ օրս չի վիճարկվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ներառում է Լաչինի միջանցք հասկացությունը»։
Ռուսաստանի էքսպանսիոնիզմը
«Ռուսաստանի իշխանությունները երկար ժամանակ խոսում էին այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելով Խորհրդային Միություն, որտեղ միջպետական սահմանների փոխարեն կլինեն վարչական սահմաններ, ինչպես նախկինում էր։
Ռուսաստանի հավակնությունները գագաթնակետին հասան, երբ մեկնարկեցին Բելառուսում անկարգությունները և 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը։ Եվ պատահական չէ, որ այն ավարտվեց Արցախ ռուսական զորքերի մուտքով, եռակողմ հայտարարությամբ, որը արգելափակում էր համաշխարհային հանրության միջամտությունը ղարաբաղյան խնդրին։ Մինչև հիմա ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարողացել մտնել Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
https://jam-news.net/am/%d5%b2%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b2%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b4%d5%a1%d5%b6-35-%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%af%d5%a8/?fbclid=IwAR2fOyb5Bim4nWNk1ZkIXkuV5RPxO9CtZqIVDlX3xgmST5JeCLOhB9Os2MM