Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այն, ինչ պարտավոր էր ՌԴ-ն, բայց չի կատարում, մեկ ուրիշն է անում. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 23,2023 11:27

Ադրբեջանը մինչ օրս ոչ մի խաղաղապահից չի «քաշվել»՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու հայ ժողովրդի նկատմամբ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Արդեն երեք ամիս է՝ ռուս խաղաղապահների «քթի տակ» ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այդ ճանապարհի կենսագործունեության պատասխանատուն հենց Ռուսաստանն է, որի պաշտոնյաները ցանկացած առիթով մեջբերում են այդ համաձայնագիրը: Ինչպես երեւում է այդ փաստից, այն հայտարարություններից, որոնք վերջին շրջանում հնչեցնում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Ռուսաստանն ամենեւին էլ մտադիր չէ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: «Բաժանիր, որ տիրես» նշանաբանին մշտապես հավատարիմ Մոսկվան այսօր նույնպիսի քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում: Սերգեյ Լավրովը ՀՀ-ին օկուպանտ է անվանում, Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում Հայաստանին հասկացնում է, որ եվրոպական կառույցների ներգրավումը կհանգեցնի պետականության կորստի, իսկ Զախարովան էլ հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկումը «բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի», որը հեռու է Հարավային Կովկասում կարգավորման հետաքրքրություններից, եւ «այն փորձ է՝ դուրս մղելու ՌԴ-ին տարածաշրջանից եւ թուլացնելու նրա պատմական դերը՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի»: Դիվանագետը նշել է նաեւ, որ ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի բացասական գնահատականները հրապարակայնորեն անտեսվում են:

Զախարովան ավելացրել է նաեւ, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության ու անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համալիր պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳՆ խոսնակին անհրաժեշտ է բացատրել, որ եթե ռուս խաղաղապահները, առաջնորդվելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով, արագ բացեին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, 2021 թ., երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, եւ երկկողմ, եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ օպերատիվորեն արձագանքեր իրավիճակին, ինչպես այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն մեկ օրվա ընթացքում զորք մտցրեց Ղազախստան, տարածաշրջան լրացուցիչ դիտորդների հրավիրման կարիք պարզապես չէր լինի:

Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու դիտորդները, որոնք տեղակայվել են Հայաստանում, պետք է պայմանավորվեն երրորդ երկրի հետ: Ավելին՝ այն, ինչ պարտավոր էր Ռուսաստանը, բայց չի կատարում, մեկ ուրիշն է անում: Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներն առնվազն պետք է հասկանային, որ այլ տարբերակ չի մնում, եւ եթե այդպես շարունակվի, Հարավային Կովկասում անհրաժեշտաբար նոր խաղացողներ կհայտնվեն: Ես չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ-ն նոր-նոր է սկսում ընկալել, թե ինչպես է իրականացվում երկրի արտաքին քաղաքականությունը, ուստի համոզված եմ, որ պարզապես չեն ցանկանում լուծել հարցը: Իսկ Եվրոպան, հաշվի առնելով այն, ինչ այսօր տեղի է ունենում Կենտրոնական Եվրոպայում, ցանկություն  է դրսեւորում մտնել Հարավային Կովկաս եւ ուժեղացնել իր ազդեցությունը, եւ դա միանգամայն տրամաբանական է ու, որ ամենակարեւորն է մեզ համար, այս պահին համապատասխանում է Հայաստանի հետաքրքրություններին: ՌԴ-ին այս հեռանկարը չի անհանգստացրել, եւ այդ հանգամանքը լրացուցիչ քննարկումների առիթ է տալիս:

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ոչինչ չի ասվում այսպես կոչված «Զանգեզուրի միջնացքի» մասին: Այն, ինչը առաջ են քաշում ռուսաստանյան ու ադրբեջանական կողմերը «տրանսպորտային ուղիների ապաշրջափակման» եւ այլ ձեւակերպումներով, չի համապատասխանում ստորագրված փաստաթղթին եւ վկայում է նրանց հետին մտադրությունների մասին:

Ռուս խաղաղապահների ներկայությամբ, ինչպես պատկերավոր նշվում է քաղաքական շրջանակներում, մեր տարածքները «Փառուխ առ Փառուխ» հանձնվում էին Ադրբեջանին: Վերջինս 2021 թ. սեպտեմբերին հարձակում ձեռնարկեց Հայաստանի վրա եւ առայսօր ՀՀ-ի որոշ տարածքներ պահում է իր վերահսկողության տակ: Համբերության վերջին կաթիլը լցրեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումը:

Իհարկե, պարզ է, որ մեր ժամանակներում բոլորը զբաղված են իրենց խնդիրներով: Մոսկվան չի ուզում կորցնել իր հատուկենտ գործընկերներին, այդ թվում՝ Թուրքիային, ինչպես նաեւ Ադրբեջանին: Սակայն Ռուսաստանը լավ է հասկանում, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում կզրկվի իր գլխավոր զենքից՝ հայ-թուրքական ատելության արդյունքում առաջացող հնարավորություններից: Մոսկվան կկորցնի իր ազդեցությունը բոլոր կողմերի վրա, իսկ դա դեմ է Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա տեսլականին: Բայց հայ-թուրքական ատելության բացահայտ բորբոքումը նույնպես չի տեղավորվում մոսկովյան շահերի շրջանակներում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շարունակում է դիրքավորվել որպես Թուրքիայի գործընկեր՝ նրա դեմ ատելության բորբոքումը թողնելով ՀՀ-ում գործող ռուսամետ ուժերին: Սակայն վերջիններս պետք է հասկանան, որ հայ ժողովրդի համախմբման գործընթացն այլընտրանք չունի, որ ժամանակին իրենք արդեն կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որ ռուսահաճո գործողությունները, անկախ դրանց պատճառներից, նրանց կդասեն անցած դարասկզբի հայ բոլշեւիկների շարքին, որոնց գործունեությունն առավել մահացու էր ՀՀ-ի համար, քան արտաքին թշնամիներինը՝ միասին վերցրած:

Այսպիսով՝ Ադրբեջանը հարձակվում է այն ուղղություններով, որտեղ անպատիժ գործելու թույլտվություն ունի: Արցախում լուրջ հարցեր են առաջանում, իսկ շատերը կոչ են անում վերջապես «երկնքից երկիր իջնել»:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728