Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն. «Փաստ»

Փետրվար 23,2023 10:57

Ամենատարբեր բանախոսներ, գործիչներ միանգամայն հիմնավորված նշում են, որ այն բանից հետո, երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ կվերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին: Ու թշնամու այդ նպատակադրումը միանգամայն ակնհայտ է, այնքան ակնհայտ, որ ՀՀ գործող իշխանության կողմից ինչպես կամովին, այնպես էլ ռազմական գործողությունների ուղեկցությամբ թշնամու վերահսկողության տակ են թողնվել նաև Սյունիքը կաթվածահարող կրակի տակ պահելու, ապա և՝ ՀՀ մնացած մասից կտրելու համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ: Այդ հատվածներում թշնամին արագորեն ամրացել ու ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում:

Կարճ ասած՝ չի թաքցնում իր զավթողական նպատակը, ինչը բավականին ցայտուն դրսևորեց արդեն անցյալ տարվա սեպտեմբերին: Ոմանց կողմից այդքան ատելի ոչ վաղուցվա անցյալում հաճախ էր շեշտվում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ դա այդպե՛ս էր:

Իրականում անվտանգության երաշխավորման հանգամանքը երկուստեք է, կամ եթե կուզեք՝ փոխկապակցված: Ավելի հակիրճ բանաձևով՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ: Սեփական հայրենիքի աշխարհագրությունից ու քարտեզից փոքրիշատե տեղյակ յուրաքանչյուր ուղեղակիր էակի համար դժվար չէ նկատել, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից, ըստ այնմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է դառնում՝ երկու կողմից հարձակվելու պատրաստ թշնամական՝ ադրբեջանա-թուրքական ուժերի համար: Բայց այն հարցում, որ Արցախի կորուստը նշանակում է նաև Հայաստանի մնացած հատվածի կորուստ, կա ոչ պակաս խորքային մի էական հանգամանք ևս: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կամ ինչպես երբեմն ասում են՝ «Հայաստանի երրորդ հանրապետությունը» ուղղակիորեն Արցախյան շարժման ծնունդ է:

Արժե նաև հիշեցնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի նախաբանում հատուկ ընդգծված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակում է՝ «…ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Է՛լ ավելին, պետք է նաև հիշեցնել, որ Հայաստանի բազմափոփոխ Սահմանադրության ամենասկզբում անփոփոխ կերպով ուղիղ հղում է արված Հռչակագրին:

Այսինքն, Հայաստանի և Արցախի օրգանական կապն առավել քան պարզորոշ արտացոլված է նաև պետականության ձևավորման հիմնարար փաստաթղթերում: Գաղափարաքաղաքական առումով նաև դրանից է բխում այն ակնհայտությունը, որ Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն՝ «ավելի լավ է սա տա՞նք, թե՞ այն չտանք» փերեզակային մոտեցումներով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728