Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կրակոցներով և ապատեղեկատվությամբ է դիմավորում տարածաշրջան ԵՄ դիտորդների մուտքը, մյուս կողմից էլ իր այդ վարքով աշխատելու լայն դաշտ է ստեղծում նրանց համար. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 23,2023 10:45

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի լրահոսում սկսվել է ավելի հաճախակի հրապարակվել տեղեկատվություն Արցախի Հանրապետության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: ՌԴ ՊՆ-ն փետրվարի 21-ին հաղորդել է, որ Մարտակերտի հատվածում արձանագրված հրադադարի խախտման հետեւանքով զոհեր, վիրավորներ չկան, եւ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ:

Այստեղ պետք է արձանագրել, որ նույնանման միջադեպ արձանագրվել էր նաեւ մոտ 10 օր առաջ եւ կրկին՝ Մարտակերտում: Երկու հաղորդագրություններում էլ նույն ձեւակերպումներն են տրված միջադեպի փաստի առթիվ: Ինչպես նախորդ հետաքննված դեպքով, այնպես էլ փետրվարի 21-ի դեպքով որեւէ որոշակիություն չկա, թե որ կողմն է խախտել հրադադարը: Հայկական կողմի համար պարզ է, որ կրակել են ադրբեջանական դիրքերից, ինչը չի դադարում 2020 թ. պատերազմից հետո՝ պարբերաբար ստանալով ինտենսիվության եւ ռազմական բախման տարբեր բնույթներ, բայց կողմերի միջեւ հավասարության նշան դնելը, ինչպես փորձն է ցույց տալիս, մեղավոր կողմի ձեռքերն ազատում է նմանօրինակ ու էլ ավելի մասշտաբային, վտանգավոր խախտումների համար, եւ հակառակը՝ միջադեպերի մեղավորներին հասցեական մատնանշումը զսպող դեր կարող է ունենալ այդպիսի անցանկալի դրսեւորումների համար:

Վերեւում ասվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության հաջորդ իսկ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց հերթական կեղծ լուրը, թե, իբր, Արցախի զինված ուժերը կրակել են Ակնայի ուղղությամբ, իսկ ՀՀ զինված ուժերը՝ Տավուշի եւ Նախիջեւանի սահմանների հատվածներում:

Մյուս կողմից էլ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական նման աղաղակող ապատեղեկատվությունը հնչեց ՀՀ վարչապետի եւ Հայաստան ժամանած ԵՄ դիտորդական առաքելության, համապատասխան կառույցների ղեկավարների հանդիպման հաջորդ իսկ օրը: Այդ երկու իրադարձությունների միջեւ կապ չտեսնել հնարավոր չէ: Ստացվում է, որ Բաքուն կրակոցներով եւ ապատեղեկատվությամբ է դիմավորում տարածաշրջան ԵՄ դիտորդների մուտքը, մյուս կողմից էլ իր այդ վարքով աշխատելու լայն դաշտ է ստեղծում վերջիններիս համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728