Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի առաջարկած բանաձևն Ադրբեջանի հարցերով փորձագետը որակեց Արցախի ադրբեջանացմանը տանող մի բանաձև՝ թելադրված Հայաստանի իշխանության կողմից․ «168 ժամ»

Փետրվար 23,2023 10:04

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի իշխանություններին առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր պատկերացրած լավագույն լուծումը՝ գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։

«Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում։ Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- ասել է Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանից Արցախ մեկնած Բաբայանը:

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր գտել է, թե որն է պատճառը, որ մինչև հիմա չի ստացվել բանակցել Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմքով տեսնում է Ռուսաստանին։

Անդրադառնալով Սամվել Բաբայանի առաջարկած բանաձևին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այդ մոդելը որակեց Արցախի ադրբեջանացմանը տանող մի բանաձև՝ թելադրված Հայաստանի իշխանության կողմից։

«Այս նույն Սամվել Բաբայանը չէ՞ր, որ 2018 թվականից հետո հայտարարում էր, թե Արցախում ապագա կա, լավ է լինելու, Արցախում լինելու են ավելի մեծ հնարավորություններ, սակայն իրականում նրա՝ պաշտոնյա լինելու տարիներին Արցախը զրկվեց իր սուբեկտայնությունից։ Այս նույն Սամվել Բաբայանը չէ՞ր, որ լինելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ Շուշիի պաշտպանությունը չկազմակերպելու մեղքն այլոց վրա բարդեց։ Այս փաստերը ցույց են տալիս, որ 2018 թվականից հետո Սամվել Բաբայանի պաշտոնավարման տարիները կնքվել են ձախողումներով, հետևապես, եթե հիմա ուզում է Արցախը տանել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, դա լինելու է Արցախի վերջի սկիզբը»,- ասաց Գառնիկ Դավթյանը։

Փորձագետը հիշեցրեց՝ Արցախում արդեն եղել է Ադրբեջանի իշխանությունների հետ ուղիղ բանակցության փորձ՝ մասնավորապես Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման հարցի շուրջ, սակայն դա չի խանգարել Ադրբեջանին շարունակել պնդել իր պահանջները և դիմել ռազմական գործողությունների։

Հիշելով Մյունխենում Փաշինյանի առջև դրված Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջի մասին՝ ձերբազատվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից, Գառնիկ Դավթյանը դա դիտարկեց Արցախյան հեռուստատեսությամբ Սամվել Բաբայանի հնչեցրած մեկ հայտարարության համատեքստում՝ եթե ինքը լինի Արցախի կառավարության ղեկավար, 100 օրում կարող է դրական փոփոխություններ բերել, չբերելու դեպքում՝ հեռանալ.

«Սամվել Բաբայանը 100 օրից դուրս չի գա. սա հենց ադրբեջանական պլանն է, որը ցանկանում են իրագործել հայի ձեռամբ, հատկապես, որ Բաբայանը պահանջում է իրեն տալ ուժային կառույցները։ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկվել է Արցախ՝ այն վերջնականապես ադրբեջանականացնելու համար։ Կարող է լինել մի իրավիճակ, որ Բաբայանը փորձի արցախցիներին համոզել, որ պետք է համակերպվել ադրբեջանցիների հետ ապրելու մտքի հետ, ինչպես Փաշինյանն է անում Հայաստանում՝ խաղաղության հաստատման մասին լոկ խոստումներով»,- ասաց փորձագետը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728