Լրահոս
Օրվա լրահոսը

Դիետայի յոթ «մեղքերը»

Փետրվար 23,2023 09:30

Մեզանից շատերը համոզված են, որ առողջ են սնվում, քանի որ կարդացել են առողջ սննդակարգի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, տեղյակ են վիտամինների, հանքանյութերի ու նոր ու տարօրինակ անվանումներով հարուստ մի շարք մթերքների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մեր ափսեում։ Սակայն, ինչպես նշում են մասնագետները, շատերին միայն թվում է, թե իրենք ճիշտ են սնվում, իսկ իրականությունն այդպիսին չէ։

«Սնուցման վերաբերյալ մի շարք տարածված մոլորություններին հավատալն ավելի հեշտ է․ դրանցից շատերն առասպելներ ու կես-ճշմարտություններ են, որոնց շնորհիվ մենք ոչ միշտ ենք օգտակար ընտրություն կատարում»,- ասում է Նյու Յորքի համալսարանի սննդաբան Սամանտա Հելլերը։ Նա իր գործընկերների հետ պատմել է սնուցման յոթ սխալների և դրանցից խուսափելու ուղիների մասին։

Սխալ № 1․ Կարծել, թե ձեր ընտրությունն ամենալավն է

Մենք հաճախ այդպես ենք մտածում մրգային հյութեր, պահածոյացված բանջարեղեն գնելիս կամ, ասենք, նախաճաշին հատիկավորների փաթիլներ ընտրելիս։

«Եթե պիտակի վրա գրված է «Հաց 7 տեսակի հատիկով», դա բավականին գրավիչ է հնչում, սակայն ամենևին էլ չի նշանակում, որ գնելով այն՝ դուք կկատարեք ճիշտ ընտրություն»,- ասում է Հելլերը՝ հիշեցնելով՝ մենք կարող ենք չիմանալ, թե որքան սննդանյութեր են անհետացել վերամշակման արդյունքում։

Եվս մեկ տարածված սխալ է մրգերը մրգահյութերով փոխարինելը։ «Մրգային հյութերն ավելի օգտակար են, քան գազավորված ըմպելիքները, սակայն դրանք նաև շաքարի հարուստ աղբյուր են և չեն կարող ապահովել օրգանիզմն այն սննդանյութերով, որոնք կարող ենք ստանալ թարմ մրգերից», – ասում է դոկտոր Բոննի Թաուբ Դիքսը՝ ավելացնելով,- «Եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա մեկ բաժակ հյութը ձեր քաղցն այնպես չի հագեցնի, ինչպես մի քանի կտոր թարմ միրգը, փոխարենը կստանաք շատ կալորիաներ»։

Այս խնդրի լուծումը հնարավորինս թարմ, ամբողջական ու չվերամշակված մթերքներ ընտրելն է։ Իսկ վերամշակված մթերքներ ընտրելիս առաջնորդվել ոչ թե մթերքի վրա գրված «էկո», «օրգանիկ» և նման գրառումներով, այլ պիտակը մանրամասնորեն ուսումնասիրելով։

«Այն, որ խանութում որևէ մթերք դրված է օրգանական մակնշումով սննդատեսակների կողքին, չի նշանակում, որ այն իսկապես օրգանական է․ համոզվելու համար մանրամասն ուսումնասիրեք պիտակները»։

Սխալ № 2․ Ածխաջրերի հետ կապված խառնաշփոթը

Քանի որ ածխաջրերը կապվում են դիաբետի զարգացման, ճարպակալման ու առողջական այլ խնդիրների հետ, շատերն են որոշում դրանք բացառել իրենց սննդակարգից, սակայն, ինչպես նշում է դոկտոր Հելլերը․ «Կան շատ օգտակար ածխաջրեր, կան նաև դրանց ոչ այնքան օգտակար տարբերակները, սակայն մեր գլխուղեղն ու մարմինն ամեն ածխաջրերի կարիք ունեն»։

Դրանից բացի, բարդ ածխաջրերը (ամբողջահատիկները, բջջանյութով հարուստ մթերքները) ավելի երկար են պահում հագեցածության զգացումը՝ թույլ տալով ավելի քիչ ուտել ու ազատվել կիլոգրամներից։

Սննդանյութերի այդ խմբից հրաժարվելն ածխաջրերի հետ կապված միակ սխալը չէ։ Սննդաբան Ռեյչել Բրանդեյսի խոսքով՝ թյուր է այն կարծիքը, որ առանց ածխաջրերի կամ ածխաջրերի ցածր պարունակությամբ բոլոր մթերքներն օգտակար են առողջության համար, և դրանք կարելի է ուտել ցանկացած քանակով։

«Սա հիշեցնում է ցածր յուղայնությամբ դիետայի մոլուցքը, երբ բոլորը կարծում էին, որ եթե սննդում ճարպ կամ յուղ չկա, ապա չկան և կալորիաներ։ Նույնը տեղի է ունենում ածխաջրերի հետ կապված, սակայն դա ամենևին էլ ճիշտ մոտեցում չէ»,-ասում է Բրանդեյսը։

Լուծումը․ ինչպես նշում են մասնագետները, պետք չէ սննդակարգից հանել սննդամթերքի որևէ խումբ, ներառյալ՝ ածխաջրերը։ Սակայն կարևոր է հասկանալ, թե որ ածխաջրերն են առավել օգտակար ձեզ համար:

Սխալ № 3․ Գերսնվելը

Ինչպես նշում են փորձագետները, ամենատարածված սխալներից մեկն օրգանիզմին անհրաժեշտ սննդի քանակը գերագնահատելն է։ Եվ այստեղ կարևոր չէ, որ կարող է նախընտրությունը տրվել առողջ, բալանսավորված, անյուղ սննդին։

Դոկտոր Հելլերն ասում է․ «Կարծում եմ՝ մեզնից շատերը կորցրել են հագեցածության զգացումը»։

Լուծումը՝ մի մոռացեք սննդի չափի մասին․ ավելի լավ է մի փոքր չհագենալ, քան գերսնվել։

Սխալ № 4․ Թերսնվելը

Թեև գերսնվելն ու թերսնվելը կարող են միմյանցից շատ տարբեր թվալ, սակայն դրանք իրականում նման են։ «Եթե դուք օրվա ընթացքում կանոնավոր չեք սնվում, ապա դա կարող է արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ առաջացնել՝ արդյունքում նպաստելով ճարպի կուտակմանն ու նյութափոխանակության խանգարումների․ թե՛ թերսնումը, թե՛ գերսնումը կարող են քաշ ավելացնել», – ասում է Բրանդեյսը։

Լուծումը՝ ինչ-որ բան կերեք 4 ժամը մեկ՝ թեկուզ և քիչ քանակությամբ։

Սխալ № 5․ Չափից շատ սննդային հավելումներ ընդունելը

«Մարդիկ հաճախ մոռանում են, որ վիտամինային հաբերը հավելումներ են, որոնք նախատեսված են սննդակարգը լրացնելու համար, և չեն կարող փոխարինել այն մթերքներին, որոնք սովորաբար ուտում ենք»,- ասում է Հելլերը։ Ավելին, վիտամինային հավելումների՝ չափից շատ ընդունումը կարող է խաթարել առողջությունը։

«Մեր օրգանիզմում ամեն մի վիտամին, հանքանյութ և ֆիտոքիմիական միացություն փոխազդում է միմյանց հետ, և այդ հավասարակշռությունը խախտելը շատ հեշտ է, երբ ընդունում եք առանձին որևէ սննդանյութի կամ սննդանյութերի խտացված չափաբաժիններ»,- ասում է Հելլերը։
Դոկտոր Բրեյդիսը զգուշացնում է, որ դիետայի ցանկացած պլան, որում նշվում է, որ դուք պետք է ընդունեք բարձր արդյունավետություն ունեցող սննդային հավելումներ, պետք է անհանգստություն առաջացնի։ «Դա նշանակում է, որ սնուցման պլանն առողջ չէ, և դուք բաց եք թողնում առողջության համարա սիներգետիկ էֆեկտը, որը կարող եք ստանալ միայն ամբողջական մթերքներից»։

Լուծումը՝ սննդային հավելումներն ընդունել միմիայն բժշկի նշանակումով։

Սխալ №6․ Վարժությունները բացառելը

Սնուցումը նաև այն է, թե ինչպես է մեր մարմինն օգտագործում սնունդը, և այստեղ առանցքային դեր ունեն ֆիզիկական կանոնավոր վարժությունները։ Ինչպես ասում է Բրանդեյսը․ «Առանց անհրաժեշտ վարժությունները մենք չենք կարող պահպանել նյութափոխանակության բավականաչափ բարձր մակարդակը սնունդն արդյունավետորեն այրելու համար։ Հաբը կամ մթերքները դա ձեր փոխարեն չեն կարող անել․ վարժությունները այդ նպատակին հասնելու լավագույն եղանակն են»։

Լուծումը՝ ֆիզիկական վարժությունները դարձնել կյանքի անբաժան մաս: Սա չի նշանակում, որ պետք է ամեն օր կենտրոնանալ դրանք նույն ժամին կատարելու վրա, սակայն ամեն օր մի փոքր մարզվելը սովորություն դարձնելը կարող է արդյունավետ լինել։

Սխալ № 7․ Հավատալ այն ամենին, ինչ կարդում եք սննդի ու նիհարեցման մասին

«Այն փաստը, որ ինչ-որ մեկը գիրք է գրում դիետաների կամ սննդակարգի մասին, չի նշանակում, որ նա փորձագետ է», -զգուշացնում է Բրանդեյսը։ Գրքից խորհուրդ վերցնելուց առաջ ուշադրություն դարձրեք հեղինակին՝ արդյո՞ք նա սննդաբան է, ունի գիտական աստիճան այդ ոլորտում, թե՞ ոչ, թե՞ գիրքը պարզապես գրված է հայտնի մարդու կողմից, որը, ձեր կարծիքով, լավ տեսք ունի։ Բրանդեյսի խոսքով, մասնագետի կողմից ձեզ համար սնուցման պլան կազմելու դեպքում համոզվեք՝ փորձարկվել է արդյո՞ք այն մի շարք մարդկանց վրա, որքանո՞վ է եղել արդյունավետ։

Լուծումը՝ կոնկրետ դիետայի կամ սնուցման պլանի անցնելուց առաջ համոզվեք դրա հեղինակի կոմպետենտության մեջ, պարզեք՝ արդյո՞ք այդ պլանը համապատասխանում է ոլորտի այլ փորձագետների կարծիքին և արդյո՞ք կան դրա հավաստիությունը փաստող բժշկական հրապարակումներ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728