Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքվում են, ստեղծում ու հրաժեշտ տալիս

Փետրվար 23,2023 12:30

Պարուսույց, բեմադրիչ Արինա Արարատյանն արդեն քառորդ դար այս սկզբունքով է աշխատում

Քառորդ դար առաջ Կարեն Խաչատուրյանի երաժշտությամբ Ջիանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հանրահայտ երկի հեքիաթ-բալետային ներկայացմամբ  իր խորեոգրաֆ-ռեժիսորի գործունեությունը սկսեց Արինա Արարատյանը, որը վերջերս հյուրընկալվել էր «Առավոտում»։ Այս բալետը միայն 2018թ. խորեոգրաֆ Հենրիկ Մայորովը բեմադրեց Երեւանի օպերային թատրոնում եւ մինչ օրս էլ թատրոնի խաղացանկում է: Արինա Արարատյանի բեմադրությունը պարզ, մարդկային, բոլորին հասկանալի՝ պարի լեզվով աշխատանք էր։ Արինա Արարատյանին հիշեցրինք, որ պրեմիերայից հետո զրույցում ժպտալով ասել էր, թե իր բեմադրած այդ ներկայացումը 2-82 տարեկան հանդիսատեսի համար է։ Հետո հիշյալ բեմադրությանը հետեւեցին այլ հետաքրքիր աշխատանքներ եւս, այդ թվում՝ Լուի Արմսթրոնգի եւ Էլլա Ֆիջերալդի անկրկնելի մեկնաբանություններով «Ամերիկյան սյուիտը», այնուհետեւ երկու իսկապես փայլուն աշխատանք՝ Ռենդի Նյումանի երաժշտությամբ «Ալիսը հրաշքների աշխարհում» մանկական եւ «Աղջիկը լուսնի վրա» երիտասարդական ներառական բեմադրությունները։ Օրերս էլ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում ռեժիսորը ներկայացրեց Լուիս Քերոլի հեքիաթների հիման վրա «Ալիսի արկածները» բեմադրությունը, որի մասին դրական արձագանքները հասել են նաեւ մեզ։ Չմոռանանք նշել, որ տարիներ առաջ ռեժիսորի մեկ աշխատանքը՝ ըստ հայ դասականների պոեզիայի՝ «Կուզե՞ս, քեզ ասեղ նվիրեմ» պլաստիկ ներկայացումը այսօր էլ «Գոյ» թատրոնի խաղացանկում է։
Հետաքրքրվեցինք նաեւ արվեստագետի ներառական բեմադրություններով, որոնցում ներգրավված են հաշմանդամություն ունեցող դերասաններ։ «Խոստովանեմ, որ այդ աշխատանքներն իրականացնելը դժվար էր ինձ համար, բայց միեւնույն ժամանակ դրանք ինձ մի այլ մակարդակի «բերեցին»՝ որպես անհատ եւ բեմադրիչ։ Դրանք այնքան  ստացված ներկայացումներն են, որ ես ոչինչ չունեմ ավելացնելու կամ փոփոխելու, դրանց տակ պատրաստ եմ հպարտորեն  ստորագրությունս դնելու։ Այստեղ կուզեմ բարձրաձայնել գոնե ինձ համար լուծված մի գերխնդրի մասին. ներկայացումներին մասնակից իմ դերասաններից ոմանք հետո ընդունվեցին ինստիտուտներ, աշխատանք գտան, ընտանիք կազմեցին»։

Դիտարկմանը՝ ափսոս, որ հասկանալի պատճառով ձեր բեմադրությունների կյանքը կարճ է լինում, այնպես՝ ինչպես ձեր առաջին մասնագիտության դեպքում է (Արինա Արարատյանը շուրջ 20 տարի որպես պարուհի հանդես է եկել «Բարեկամություն» անսամբլում), մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ բոլոր բեմադրությունները իրականացնում եմ սեփական ուժերով եւ երիտասարդ պարողների ու դերասանների էնտուզիազմի շնորհիվ։ Տարիներ առաջ ուզում էի ստեղծել թատրոն, որտեղ ներգրավված կլինեին նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Բնականաբար, դիմել եմ տարբեր նախարարություններ, սակայն՝ անօգուտ։ Նման դեպքերում, կոնկրետ՝ իմ դեպքում, ամենաընդունելի տարբերակը անտիպրիզայով աշխատանքն է՝ հավաքվեցինք, ստեղծեցինք ու հրաժեշտ տվեցինք»։ Շարունակելով ներառական ներկայացումների կամ միջոցառումների թեման, ռեժիսորը գոհունակությամբ  հիշեցրեց 2022թ. ամռանը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացման ժամանակ միմանսի խմբում ներգրավված նաեւ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցության մասին,  ինչպես նաեւ դեկտեմբերի 31-ին «Օպերա-բալում» Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի հայտնի վալսի կատարմանը «Զինվորի տան» սայլակով տեղաշարժվող արտիստների ներգրավվածության մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ խորեոգրաֆ-ռեժիսորի «За лучами синего солнца» գրքին («Էջ» հրատարակչություն, 2020թ.)։ Մեր տարակուսանքին՝ ինչո՞ւ իր առաջին գիրքը աննկատ, նույնիսկ առանց շնորհանդեսի տրվեց գրքասերներին, Արինա Արարատյանը տեղեկացրեց, որ գիրքը հրատարակվեց ու մեկ-երկու օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը. «Հիմա ընթանում է գրքի երկրորդ մասի տպագրությունը եւ առաջիկայում՝ պատրաստ լինելուն պես, միանգամից երկուսի շնորհանդեսը կիրականացնենք»։ Հավելեց նաեւ, որ գիրք գրելն իր համար հոբբի է, ընդ որում՝ չափազանց սիրելի։ Նոր բեմադրությունների «մասով» էլ հավաստիացրեց, թե պատրատ են Զյուսքինդի «Պարֆյումեր» եւ Գաբրիել Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» ստեղծագործությունների հիման վրա գրված սցենարները եւ առանց ժամանակացույց նշելու ասաց, որ առաջիկայում կսկսվեն դրանց բեմադրական աշխատանքները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ Արինա Արարատյանի բեմադրություններից

«Առավոտ» օրաթերթ,
22.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728