Հարցազրույց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ։
– Տիկին Սահակյան, Վանաձորի թատրոնը միշտ առանձնանում է իր խաղացանկով։ Եթե փորձեմ հիմնավորել ասածս` առաջինը կնշեմ հայ դրամատուրգների, անգամ ժամանակակիցների պիեսները բեմադրելը։ Իսկ երկրորդը` թատրոնն ինչքան Վանաձորինն է, նույնքան Վանաձորն է թատրոնինը։ Ի՞նչ է սպասվում 91-րդ թատերաշրջանի ընթացքում։
– 91-րդ թատերաշրջանը բացել ենք դեռեւս անցած տարվա սեպտեմբերին։ Իհարկե, այդ ժամանակ պլանավորվում էր մեր Աբելյանական 4-րդ փառատոնով հյուրընկալվել Ստեփանակերտում՝ Արցախի Մայր թատրոնի 90-ամյակին նվիրելով փառատոնը, բայց իրադարձություններն այլ կերպ զարգացան…
Այո, մեր թատրոնում գրեթե ավանդութային է հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը, նաեւ ժամանակակից դրամատուրգիայի մասին է խոսքը։ Կարծում եմ՝ թատրոն-ժամանակակից դրամատուրգիա-ժամանակակից արձակ կապը շատ կարեւոր է, քանի որ նաեւ միմյանցով փոխպայմանավորված՝ տրամաբանական զարգացումներ են լինում… Եվ հետո՝ թատրոնը միջավայր է, որը նաեւ պետք է նպաստի ժամանակակից գրողի ստեղծագործությունների հանրահռչակմանը… Իհարկե, խոսքս հատկապես վերաբերում է ժամանակի արժեքավոր գործերին, թեպետ նաեւ ճշմարտություն է եւ պետք է փաստել, որ ժամանակային որոշակի հեռավորությունից է միայն հնարավոր անցողիկի ու մնայունի զատորոշումը, քանզի մեր օրերում, մեր կողքին ստեղծվող գրականությունը եւ թատերարվեստն առաջ են շարժվում զարգացման նաեւ անակնկալ խմբագրականներով:
Հայ դրամատուրգիային անդրադարձի կամ չանդրադառնալու առումով՝ այս թատերաշրջանը կարծեք փոքր-ինչ առանձնանում է. 2023-ի առաջին եռամսյակում նախատեսվում է երեք ներկայացման առաջնախաղ։ Ջոն Ֆլեթչերի եւ Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» կոմեդիայի պրեմիերան կայացավ փետրվարի 17-ին։ Պիեսը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանը դեռեւս 90-ականներին. բնագրից միակ չափածո թարգմանությունն է։ Անցյալ տարի այս կոմեդիան սկսել էր բեմադրել երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավարտում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը։ Մյուս գործը ըստ Բեցույակու Մինորուի՝ «Հարյուր իեն թեյավճար» պիեսի «Խոսիր ինձ հետ» կամերային ներկայացումն է. պրեմիերան կայացավ փետրվարի 21-ին։ Սա ներկայացում է միմյանց անծանոթ երիտասարդ մարդկանց մասին, ովքեր ճակատագրի բերումով նույն վայրում են հայտնվել նույն նպատակով, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսից խնամքով թաքցնում է տվյալ վայրում հայտնվելու իր իսկական դրդապատճառները։ Ըստ էության՝ նրանց համար այս հանդիպումը դառնում է ճակատագրական։ Բացի այն, որ թեման երիտասարդական է, այս գործի ընտրության նպատակներից մեկն էլ ճապոնական գրականությունը հայ թատերասեր հանրությանը ներկայացնելն է։
Կարդացեք նաև
Բեցույակու Մինորուն անիմատոր է, նրա գործերից հատկապես հայտնի է «Գիշերը գալակտիկական երկաթուղու վրա» ստեղծագործությունը։
Առաջիկայում սկսելու ենք նաեւ ըստ Դ. Լեւանդովսկու՝ «Ժաննա դը Արկ» դրամայի բեմադրությունը. պրեմիերան կկայանա հավանաբար մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Գլխավոր կերպարի մասին, կարծում եմ, բավականաչափ հայտնի է. Օռլեանի կույսը գլխավորել է ֆրանսիացի ժողովրդի ազատագրական պայքարը անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի ժամանակաշրջանում (1337-1453 թթ.). «Ես գնում էի կռիվ, որպեսզի վրեժ լուծեմ, ինձ թվում էր, թե ինձ ամեն ինչ կարելի է… Ես գնում էի հանուն ճշմարիտ գործի…»,- Ժաննայի խոսքերն են։
Առաջին եռամսյակում ներկայացում կբեմադրվի նաեւ կրտսեր հանդիսատեսի համար. ըստ Աստրիդ Լինդգրենի՝ «Մանչուկն ու Կառլսոնը»։
Տարվա ընթացքում համատեղ ներկայացում է ծրագրվում Գորիսի թատրոնի հետ. միջազգային պրոյեկտ է՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի շրջանակում։ Ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը կբեմադրի ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆիլիպ Մինյանայի պիեսներից. պետք է նշեմ, որ պիեսը թարգմանվում եւ բեմադրվում է Հայաստանում առաջին անգամ։
– Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծանր կորստից հետո գիտեմ, որ դժվարություններ կլինեն։ Բայց ողջունելի է, որ բուռն ակտիվությամբ թատրոնը շարունակեց գործել…
– Վահե Շահվերդյանի կորուստն իսկապես անսպասելի էր… Նրանից հետո մի տեսակ ցավեցնող տխրություն է մնացել… Որքան էլ հարվածը բոլորի համար անսպասելի էր, բայց իրավացի եք, այո, թատրոնը Շահվերդյանից հետո շարունակեց բուռն ակտիվությամբ գործել… Արդյունքում՝ 2022-ն ամփոփել ենք դրական ցուցանիշով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ավարտվում են անցած տարվա կիսատ մնացած ծրագրերը, ինչպես նաեւ ձեռնարկվում են նորերը, որոնց մասին հնարավորություն կունենանք խոսելու թերեւս ոչ հեռու ապագայում։
– Այս համատեքստում խոսենք նաեւ հանդիսատեսի հոսքի մասին։ Պահանջկո՞տ է ձեր թատրոն այցելող թատերասերը։
– Մեր հանդիսատեսը կիրթ է, պարտավորեցնող եւ հատկապես՝ պահանջկոտ ու բարեխիղճ, գիտի թատրոն այցելելու իր նպատակը, կարեւորում է նյութի բովանդակային եւ գեղագիտորեն ճիշտ մատուցումը։ Վերջին տարիներին հանդիսատեսի պակաս թատրոնը չի ունեցել, եւ առիթից օգտվելով՝ թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել մեր հավատարիմ հանդիսատեսին։ Աշխատում ենք՝ իբրեւ թիրախային լսարան ունենալով երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին եւ մեծահասակներին՝ կարեւորելով շարունակական կրթությունը որպես սոցիալ- մշակութային միջավայրում ոչ ֆորմալ կրթության ձեւ։
– Այս տարի թատրոնում վերանորոգման (կամ հիմնանորոգման) աշխատանքներ սպասվո՞ւմ են։
– Վերանորոգման թեմային թույլ տվեք ավելի ուշ անդրադառնալ, միայն ասեմ, որ հարցը օրակարգային է եւ համապատասխան աշխատանքներ տարվում են։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
22.02.2023