Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ի համազգեստով թուրք զինվորն է գալու Հայաստան, թող հասկանան դա»

Փետրվար 23,2023 13:30

Ալբերտ Բազեյանը՝ Հայաստանն ու Արցախը փրկելու մասին

«Եթե ազգությամբ հայ է, չպետք է տարբերակել՝ գյումրեցի է, գավառեցի, թե արցախցի, ֆրանսահայ, ռուսահայ, սփյուռքահայ: Բոլորիս հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է՝ Արցախի հետ միասին: Պետք է փորձենք համախմբել հայությանը, աշխարհում ապրող 9-10 մլն հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պահել եւ պահպանել մեր հայրենիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Նրա համոզմամբ՝ եթե մենք կորցրեցինք Արցախը, դրանով ադրբեջանցիները չեն բավարարվելու. «Գալու են եւ վերցնելու են Սյունիքը, գալու են մինչեւ Երեւան: Նրանք Հայաստանն այսօր համարում են Արեւմտյան Ադրբեջան, իբր թե Երեւանը եղել է Էրիվան, որտեղ եղել են բազմաթիվ մզկիթներ, հայերը եկվոր են այստեղ, նման քաղաքականություն են վարում: Որպեսզի մենք հասնենք հաջողության, պետք է նաեւ ունենանք բնական դաշնակիցներ, որոնք հակասություններ ունեն թուրքական աշխարհի հետ: Դրանք են Հունաստանը, Իրանը, Հնդկաստանը, որը շատ խորը լարվածություն ունի Պակիստանի հետ, իսկ Պակիստանը մի պետություն է, որը մինչեւ այսօր չի ճանաչել ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն: Բնական դաշնակից է Չինաստանը, որը պրոբլեմներ ունի ույղուրների հետ, նրա հյուսիս-արեւելքում ապրում են թուրքալեզու ույղուրներ: Թուրքերի երազանքն է մեծ թուրանի գաղափարը՝ անցնել մեր վրայով, գնալ Ադրբեջան, Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգը վերցնելով՝ գնան Միջին Ասիա, այնտեղ Ղազախստան, Կիրգիզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, թուրքալեզու ժողովուրդներ են, կգնան մինչեւ Ալթայի երկրամաս, որտեղ էլի թուրքալեզու ժողովուրդներ կան: Սա է մեծ թուրանի գաղափարը ու մենք կանգնած ենք նրանց կոկորդին: Դրա համար բնական դաշնակիցներ են թվարկածներիցս բացի, արաբական երկրները, որտեղ հայերն ապրում են հավասար պայմաններում՝ լինելով քրիստոնյա: Եղեռնից հետո բազմաթիվ հայեր գնացել եւ տեղավորվել են այնտեղ, լինելով մուսուլմանական երկիր՝ որեւէ տարբերակում չեն դնում: Բնական է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված, բալանսավորված: Որտեղ մեր շահերը համընկնում են ՌԴ-ի հետ՝ այնտեղ մենք հարաբերվում ենք ՌԴ-ի հետ, իսկ որտեղ շահերը համընկնում են ԵՄ երկրների հետ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն, այնտեղ համագործակցում ենք ԵՄ-ի հետ: Մեր անվտանգության համակարգը բարձրացնելու համար կարող ենք համագործակցել ԱՄՆ-ի հետ, որն աշխարհի հզոր պետությունն է ու ցավոք, այնտեղ ուղարկել են Լիլիթ Մակունցին, որն ընդամենը անգլերեն գիտի»:

Մեր դիտարկմանը՝ ՔՊ-ականները շատ գոհ են Մակունցից, ասում են՝ մեր լավագույն դեսպաններից է՝ Բազեյանը ծիծաղեց. «Հա՞, լավագո՞ւյնն է: Դե, ուրախ ենք, որ այդպես է»:

Ալբերտ Բազեյանը հայտարարել էր, որ նոր այլընտրանքային շարժում են սկսում իշխանափոխության համար. «Դրա համար նախ առաջարկում են բոլոր քաղաքական ուժերի, անհատների հետ ունեցած տարաձայնությունները դնել մի կողմ. «Սոցիալիստ, ռուսամետ, արեւմտամետ, բոլոր այդ բաները դնենք մի կողմ, Հայաստանը պահելու գաղափարի շուրջ համախմբենք քաղաքական կառույցներին, մշակութային միություններին, լրագրողներին, իրավապաշտպաններին մեկ միասնական դաշինքում, ժողովրդին ոտքի հանենք, այս իշխանությանն ուղարկենք տուն: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, օրենքով սահմանված կարգով նրա հանդեպ պետք է քրեական գործ հարուցվի՝ երկիրը պարտության տանելու, 5000 զինվորի գլուխ ուտելու համար, որովհետեւ եթե ասում է՝ կարող էինք տալ, բայց եղավ պատերազմ, թող տար որոշ տարածքներ՝ Արցախից արեւելք գտնվող՝ Աղդամը, Կուբաթլուն, Զանգելանը, բայց կմնար Արցախը Լաչինի հետ միացնող Հայաստանի տարածքով: Ինքը պետք է հրաժարական տար, եթե իր անձի մասին չէր մտածում, այլ մտածում էր երկրի ու պետության մասին»:

Երբ հիշեցրինք Փաշինյանի խոսքերը, որ տարածքներ տալուն «հանրությունը պատրաստ չէր, ես էլ պատրաստ չէի», Բազեյանն արձագանքեց. «Թող համաձայնության գար, խաղաղություն ապահովեր ու տար հրաժարական, այդ դեպքում հանրությունն իրեն կարդարացներ, բայց հիմա նա արդարացում չունի»:

Հարցին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ-ի հետ է կապում Արցախի փրկությունը եւ գտնում է, որ միայն այդ անվտանգության գոտում մենք կարող ենք իրապես անվտանգ լինել, առհասարակ մեր ռազմաքաղաքական դաշնակցի՝ վերջին շրջանում դրսեւորած վարքը ինչպե՞ս եք գնահատում՝ Բազեյանը պատասխանեց. «Մենք ՌԴ-ի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, 97 թվականից երկկողմանի համաձայնագիր կա երկկողմանի համագործակցության, ՌԴ-ն Գյումրիում ունի ռազմաբազա եւ վերահսկում է հայ-թուրքական սահմանը: Մենք ունենք պայմանագրային պարտավորություններ, նաեւ նրանք մեր հանդեպ՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Բայց այս պատերազմում ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չօգնեց: Իրենց շահերը գուցե չէին բռնում ու այստեղ մենք պահանջներ ունենք ՀԱՊԿ անդամ երկրներից: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, նրանք ֆիզիկապես այստեղ են, ինչքան էլ Արեւմուտքը հայտարարություններ անի, նրանք զորքեր չեն ուղարկելու Հայաստան՝ մեր փոխարեն կռվելու: Մարդիկ խոսում են ՆԱՏՕ-ին անդամագրվելու մասին, դա անհնար է: Վրաստանը 30 տարի է՝ փորձում է անդամագրվել, չի ստացվում: ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունը իր քանակով Թուրքիան է: ՆԱՏՕ-ի համազգեստով թուրք զինվորն է գալու Հայաստան, թող հասկանան դա»:

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Ալբերտ Բազեյանի դիտարկմամբ, մինչ այդ կան օրախնդիր հարցեր, նախ պետք է Բերձորի միջանցքը բացել, ՀՀ իշխանություններին փոխել, նոր մտածել այդ փոփոխությունների մասին. «Ներկա ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ում կա նախագահի ինստիտուտ, ոչ մի դերակատարում չունի: Վահագն Խաչատուրյանն ընդամենը ստորագրողի դերակատարում է անում: Պետբյուջեից տարեկան հսկայական գումարներ են փոխանցում այդ կառույցը, աշխատակազմը եւ նրա դեսուդեն գնալու վոյաժներն ապահովելու համար: Անիմաստ կառույց: Հետագայում այստեղ էլ կքննարկվի սահմանադրության որեւէ տարբերակ՝ կամ մնում ենք այս տարբերակին, կամ կիսանախագահական, կամ նախագահական, դա արդեն հետագայի հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
22.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728