Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք 30+ տարվա ընթացքում շատ մյունխեններ ենք ունեցել եւ երբեք չենք կանգնել նման իրավիճակի առջեւ, ինչը տեսանք օրեր առաջ». Դիվանագետ

Փետրվար 22,2023 23:50

«Այլընտրանքային նախագծեր» խումբը հերթական քննարկումն էր կազմակերպել «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը եւ ծավալը» թեմայով: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից Հայաստանը չեն կարող անմասն մնալ եւ այն ազդելու է ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարաբերությունների վրա: Գործոնները բազմաթիվ են. Թուրքիայում սպասվող ընտրություններ, երկրաշարժ, Իրանի օբյեկտների ռմբակոծում, խաղաղության պայմանագրի գործընթաց, ԵՄ դիտորդական առաքելություն, Կովկասից Ռուսաստանի դուրսմղման գործընթաց, Մյունխեն: Սրանք իրադարձություններ են, որոնք ընթանում են Հայաստանի շուրջ եւ, հասկանալի է, որ մենք անմասն չենք մնալու այդ իրադարձություններից:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը առաջ է  տանում խաղաղության պայմանագրի գաղափարը, իսկ ի՞նչ է դրան հակակշռում ոչ իշխանական համակարգը։ Դու չես կարող ասել՝ դեմ ես խաղաղությանը, սակայն նաեւ հասկանում ենք, որ եղած տարբերակը չի երաշխավորում ոչ խաղաղություն, ոչ էլ՝ հայկական Արցախ, ասաց․ «Հարցադրումը՝ ինչ է առաջարկվում խաղաղության փոխարեն, խաղաղության փոխարեն առաջարկվում է խաղաղություն։ Աշխարհի պատմության մեջ բացի Հիտլերից չի եղել որեւէ քաղաքական ուժ, որը պատերազմ առաջարկի։ Անգամ նացիոնալ սոցիալիստները պատերազմ չէին առաջարկում։ Նրանք բոլորովին ուրիշ քաղաքակրթություն էին առաջարկում հասարակությանը, որն իրականացրեցին պատերազմի միջոցով։

Ընդդիմությունը խաղաղության փոխարեն, իհարկե, առաջարկում է խաղաղություն, բայց իրական խաղաղություն, ոչ թե այնպիսի խաղաղություն, որտեղ շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում մուրացողի դերում՝ այդպես էլ չհասկանալով՝ ի վերջո այդ խաղաղություն բառի երաշխիքը ով է լինելու, եթե դու ինքդ չես, թշնամին էլ չի։ Երրորդ կողմ է պետք, որ այդ երաշխավորությունը տա։ Եվ այդ երրորդ կողմն այսօր, փաստացի, Ռուսաստանի Դաշնությունն է, որից Հայաստանի այսպես ասած իշխանության օղակները դժգոհում են, երբեմն՝ տեղին, բայց չհասկանալով, որ այդ դժգոհությունների պատճառների աղբյուրը հենց իրենք են։ Քաղաքականության մեջ ամեն ինչը փոխադարձության սկզբունքով է։ Չի կարելի տունդ հրդեհել, հետո էլ դժգոհել հրշեջից, որ ուշ եկավ։ Բայց ակնհայտ է, բոլորը տեսնում են, որ հիմնական պատճառը դու ես, որովհետեւ միտումնավոր ես արել այդ հրդեհը, որպեսզի հրշեջին մեղադրես։ Այսինքն, հրդեհելուդ նպատակը հրշեջին մեղադրելն է, այլ ոչ թե բարի կամ անհրաժեշտ նպատակ ես ունեցել։

Ընդդիմության կամ հավաքական ընդդիմության պատկերացումների մասով, այնպես չի, որ դրանք ապրիորի կամ շատ եթերային վիճակում են։ Հիմնավորված եւ հստակ ձեւակերպված առաջարկություններ բազմիցս հնչել են, թե ինչպես հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում դառնա գործոն։ Բայց նաեւ պետք է ընդունենք, որ աշխարհում ինքնին տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ եւ չի կարող , որ Հարավային Կովկասի տարածաշրջանը լինելով տարբեր աշխարհաքաղաքական շահերի եւ դրանց կապող հանգուցային կետ ճանապարհների ու կոմունիկացիաների միջեւ, անմասն մնալ»։

Արտակ Զաքարյանը խոսեց մեր տարածաշրջանում ձեւավորվող հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք շահերի բախման պարագայում ճիշտ դիրքորոշվելու եւ Հայաստանի շահերն առաջ տանելու եւ օգտվելու հնարավորության եւ  անհրաժեշտության մասին։ Սակայն նաեւ նկատեց, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ընտրել է քավության նոխազ դառնալու քաղաքականությունը, ինչը ոչ մի լավ տեղ չի տանի։

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը խոսեց օրերս Մյունխենում Փաշինյանի հայտարարությունների եւ Ալիեւի վարքագծի մասին՝ նշելով մեր խայտառակվելու մասին։ «Մենք 30+ տարվա ընթացքում շատ մյունխեններ ենք ունեցել եւ երբեք չենք կանգնել նման իրավիճակի առջեւ, ինչը տեսանք օրեր առաջ։ Շատ խոսվեց գործոն լինելու մասին։ Եթե երկրի ղեկավարը գտնում է, որ ինքը այլեւս գործոն չի եւ ընդամենը գործիք է տարբեր շրջանակների համար իրենց շահերը առաջ տանելու ու դրա համար է լռում, ես չեմ կարող ասել, թե այդ պահին նա ինչ է մտածում, եվ ամենացինիկ ու նվաստացուցիչ ձեւով վիրավորում է մի ողջ ժողովուրդ։ Բայց իսկապես պետք չէ տրվել զգացմունքայնությանը։

Գալով տվյալ ղեկավարի օրոք առաջին  եւ վերջին Մունխենին՝ այն նարատիվը, որ տարվում է պատերազմից առաջ, պատերազմից հետո, ցայսօր եւ ապագայում է, տեսանելի է՝ պիտի շարունակվի ու եթե դու չես դիրքավորվել թեկուզ քո վատ լեզվաիմացությամբ եւ չես փորձելու գոնե հակադարձել, այլ ոչ թե բերել իրականությունից կտրված անհասկանալի եւ այդ մակարդակին ոչ հարիր բացատրություններ կամ մեկնաբանություններ, պատկերացնել է պետք, թե ինչ է առաջացնում մնացած հանրության մեջ։

Խնդիրն այն է, որ բերվել է խաղաղության օրակարգ ականջահաճո բանալի բառը եւ շատ հստակ դրվել է ճամփաբաժան, որ մենք տանում ենք այս օրակարգը եւ նրանք, ովքեր համաձայն չեն այս օրակարգի հետ, իրենք պատերազմի օրակարգ օրակարգն են սպասարկում եւ պատերազմի բուռն ջատագովներն են։ Փորձեմ հիասթափվել միանգամից։ Ես շատ ավելի հակված եմ, որ այս կողմը խաղաղության շատ ավելի ջատագով ու պաշտպան  է։ Վառ ապացույցը․ այդ թեւի ներկայացուցիչները 30+  տարի աշխատել են այդ ուղղությամբ: Այո, մենք ունեցել ենք փխրուն զինադադար, բայց չենք ունեցել լայնածավալ պատերազմը եւ սարսափելի կորուստները, որից մինչեւ հիմա մեր հասարակությունը չի կարողանում ուշքի գալ։ Այս համատարած անտարբերությունը, համատարած բթացումը դրա վառ ապացույցն է։

Քաղաքական կուրություն է, ինչ մենք այսօր տեսնում ենք հայ-թուրքական հարաբերություններում։ Ես թե պատմության ընթացքում, թե ընդհանրապես, չեմ հիշում որեւէ դեպք, որ այդքան վազեվազ, այդքան ցուցադրական, այդքան շեշտված լինի իշխանության կողմից ուշադրությունը այդ երկրի նկատմամբ: Մի երկրի, որը ուղղակիորեն պատճառ է հանդիսացել քո այսօրվա վիճակի համար։ Սա շոկի է բերում, որովհետեւ խախտված են արարողակարգային կամ  էթիկայի բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Գոնե չեն կարողանում եզրահանգումների գալ, որ մի քիչ արժանապատիվ փորձեն հանդես գալ։ Ես չգիտեմ՝ որտեղ են կայացվում այդ որոշումները։ Սա  անգրագիտություն ասեմ, տգիտություն ասեմ, նույն քաղաքական կուրության ասեմ։ Պարզ էր չէ՞, որ Թուրքիայում ոչինչ չի փոխվել։ Դա այնքան պարզ ու զուլալ է երեւում։ Դրա համար պետք է հետեւել հայտարարություններին եւ հասկանալ՝ ինչ է թաքնված դրանց տակ։ Եվ վազել եւ շատ արագ ցույց տալ, որ նայեք, մենք բարեկամաբար ենք տրամադրված, երկու ձեռքերն ու երկու ոտքերն ենք բարձրացրել, որ գնանք այդ լուծման ուղղությամբ, ձեզ տրվեց շատ հստակ պատասխան․ շնորհակալություն Ադրբեջանին, որ կանգնեց մեր կողքին, ինչպես մենք կանգնեցինք Ադրբեջանի կողքին ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասաց փորձառու դիվանագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728