Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրի դրույթները. Արմեն Աշոտյանը փաստաթուղթ հրապարակեց

Փետրվար 22,2023 23:13

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց մի փաստաթուղթ, որը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող Խաղաղության պայմանագրի հիմնական դրույթները: Այդ փաստաթուղթն, ըստ Արմեն Աշոտյանի, եղել է նաեւ մյունխենյան հանդիպումների ու քննարկումների առարկան եւ դրա շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել:

ՀՀԿ փոխնախագահը հավաստիացնում է՝ որոշ բառեր փաստաթղթում հնարավոր է ժամանակի ընթացքում փոփոխվեն, քանի որ այն վերջնական չէ, բայց սկզբունքներն արդեն համաձայնեցվել են Մյունխենում:

Փաստաթուղթը կոչվում է՝ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկ»:

Ըստ այդ փաստաթղթի երկրորդ կետի, տեքստում անդրադարձ կլինի Միջպետական հարաբերությունների բոլոր համապատասխան խնդիրներին. «Իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի այդ համաձայնագրի մաս։ Ի հավելումն, համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։ Հայաստանը հրապարակավ կարտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը»։

Փաստաթղթի երրորդ կետը վերաբերվում է Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ բանակցությունների մեկնարկին. «Բաքուն անհապաղ կերպով կմեկնարկի կառուցվածքային (структурированный) երկխոսությունը Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքների եւ անվտանգության մասին փոխադարձ ընկալումը։ ԵՄ-ն հասանելի է խորհրդատվություն տրամադրել համար այս գործընթացին»։

Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ, այս կետով ՀՀ իշխանությունը փորձել է փրկել իր դեմքը՝ առերեւույթ տպավորություն ստեղծելով, թե իր վարած քաղաքականության արդյունքում հասել են նրան, որ Բաքուն ու Ստեփանակերտը բանակցում են, մինչդեռ իրականում՝ «Նիկոլի կողմից բանակցվող փաթեթը ոչ թե Բաքու-Ստեփանակերտ հավասարը-հավասարի բանակցելու ձեւաչափ է, այլեւ Նիկոլը բանակցում է Ստեփանակերտը Բաքվի մեջ ուծացնելու վերջնական քաղաքականությունը, քանի որ ըստ համաձայնեցված սկզբունքի, Բաքուն Արցախում նշանակելու է մարդու, ում միջոցով փոխանցելու է, թե արցախցիներն ինչ անեն, իրենց ինչպես պահեն»:

Փաստաթղթի չորրորդ կետը վերաբերվում է Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների հարցերի շուրջ միջազգային ներառմանը. «Ադրբեջանն ու ԵՄ-ն կիրականացնեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների հարցերի շուրջ։ Ադրբեջանը կներառի նաեւ ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով Բարձր հանձնակատարին։ ԵՄ-ն կունենա նաեւ շփումներ Ղարաբաղի հայերի հետ կամ տեղում, կամ տարածաշրջանում»։

Փաստաթղթի հինգերորդ կետը ենթադրում է՝ առաջընթացի մշտական դիտարկում առաջնորդների կողմից. «Առաջնորդները պարբերաբար բոլոր կետերով կդիտարկեն առաջընթացը Բրյուսելում նրանց եռակողմ հանդիպումների ընթացքում»։

Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում հայտարարեց, որ Մյունխենում Ադրբեջանը համաձայնել է Ստեփանակերտի հետ բանակցությունների մեջ մտնել՝ միջազգային մեխանիզմներով: Այդպիսով, ըստ Արմեն Աշոտյանի, Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ Մյունխենում, Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու  վերջնական համաձայնություն է տվել եւ գործընթացն այժմ սկսում է մտնել կիրարկման փուլ, ինչով պայմանավորված են նաեւ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շուրջ վերջին զարգացումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728