Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Հրանտ Ասրյանի գործողությունների վերաբերյալ Ապարանի բնակչուհու ներկայացրած հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի, 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերի օգտագործելը, որը էական վնաս է պատճառել անձի իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին): Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից: Առայժմ վարույթի շրջանակում դատախազը կարգավիճակ չունի:
Վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել բնակչուհու ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, որով նա հայտնել է, որ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Ասրյանը 2022 թվականի մայիսի 17-ին իր աշխատասենյակում ճնշում գործադրելով իր վրա՝ ստիպել է խոստովանել ու ընդունել մեկ այլ վարույթով ներկայացված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Գ.Ա-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատախազի գործողություններն իրեն ստիպում են ինքնասպանություն գործել:
Գ.Ա-ն մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազ Ասրյանի գործողություններն ու որոշումները գլխավոր դատախազությունում բողոքարկելուց հետո դատախազը շարունակում է լարված մնալ իր դեմ ու ամեն կերպ փորձում է ապացույցներ ձեռք բերել իրեն առաջադրված մեղադրանքի մասով: Մեր տեղեկություններով՝ Ապարանի բնակչուհու նկատմամբ բռնության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը նորից հարցաքննել է տուժողներին, որոնք պնդում են, որ ոչ մի բռնություն չի եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ