Որոշումը կայացվել է մեծամասամբ հօգուտ Հայաստանի եւ դա լավ է, քանի որ, այլապես Ադրբեջանը հակառակ որոշումը տարբեր միջազգային ատյաններում մեծապես օգտագործելու էր մեր դեմ եւ «Արցախի հարցի վերջնական մեխը խփեր», բայց ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի այդ որոշումը. այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում խոսելով Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ որոշում կայացնելու որոշման մասին, մտահոգություն հնչեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրեց, որ Հաագայի միջազգային դատարանի հիմնադիրը ՄԱԿ-ն է, որտեղ առաջին ջութակը ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ն եւ Ֆրանսիա:
Այդ որոշումը կյանքի էր կոչվելու, եթե ունենայինք նորմալ հարեւան կամ եթե Ադրբեջանին ճնշի ոչ միայն Հայաստանը, չնայած Հայաստանն այսօր այդ ուժն էլ չունի, նաեւ՝ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն կարող Ադրբեջանին ճնշել, ինչի ականատեսը եղանք օրերս Մյունխենում: Այստեղ, ըստ Արմեն Աշոտյանի, կարող են օգնել աշխարհի տերերը՝ ՄԱԿ-ի ԱԽ հինգ անդամները:
Նա հիշեցրեց, նաեւ, որ այդ երկրները մինչ օրս տարբեր առիթներով կոչեր են հղել Ադրբեջանին, որոնք անտեսվել են ու այնպես էլ չէ, որ այդ երկրների ղեկավարները տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում ու պետք է սպասեին Հաագայի դատարանի որոշմանը:
Կարդացեք նաև
Հետեւաբար, հնարավորությունները, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը կյանքի կկոչվի առանց Ադրբեջանի վրա ճնշման, Արմեն Աշոտյանի կարծիքով, զրո են, բայց, մյուս կողմից էլ, եթե այդ տերությունները ցանկանային Ադրբեջանին ճնշել՝ մինչեւ հիմա կճնշեին: Ամեն դեպքում, իր գնահատմամբ, զարգացումները հետաքրքիր են լինելու, որովհետեւ Ադրբեջանը չի կատարի այդ որոշումը, եթե Հայաստանը լրացուցիչ զիջումների չգնա. «Ռուս-ուկրաինական պատերազմի պատրվակով, մեր աչքի առաջ, փլուզվում են գործող միջազգային համակարգերը»: Նաեւ, այդ զարգացումներում Արմեն Աշոտյանը չի տեսնում Հայաստանի շահը, քանի դեռ մեր երկիրը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ