Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հակակառուցողական է համարել Լաչինի միջանցքի ճգնաժամի պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը:
«Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցային գործընթացը սառեցնելը հակաարդյունավետ է: Նման բաներին հղում տալը հեռացնում է ամբողջ Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու հեռանկարները»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով` Ռուսաստանը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական կարգավորմանը և ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
«Մենք կոչ ենք անում Բաքվի ու Երևանի մեր գործընկերներին շուտափույթ կերպով վերականգնել ռիթմիկ համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով: Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով երեք փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և հայ-ադրբեջանական սահմանի հարցերով հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ արտգործնախարարներ մակարդակով բանակցությունների նոր փուլի կազմակերպման աշխատանքներին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը կշարունակի նպաստել քաղհասարակության, փորձագիտական համայնքի և կրոնական գործիչների հարթություններում կապերի ամրապնդմանը:
https://www.youtube.com/watch?v=XoXeowFB3Dw
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ