Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը չի պարզաբանել՝ ինչպե՞ս է գնահատում ցիանային տեխնոլոգիայի ռիսկերը, ինչպե՞ս են լուծվելու ջրային ռեսուրսների խնդիրները»․ Զարաֆյանը Ամուլսարի ծրագրի գործարկման մասին

Փետրվար 22,2023 20:22

Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության միջեւ այսօր ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` 250 մլն դոլար է ներդրվելու Ամուլսարի ոսկու հանքավայրի վերագործարկման համար։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը եւ դրա դիմաց չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։ Նախարարը վստահեցրեց՝ ծրագիրն իրականացվելու է միջազգային բարձր չափանիշների հիման վրա, հարյուրավոր աշխատատեղեր են բացվելու։

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն այս գործընթացի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ կառավարության հիմնավորումն անընդունելի է, կարելի է ասել՝ հիմնավորում էլ չի ներկայացրել։ Կառավարությունը, ըստ Զարաֆյանի, չի տվել բացատրություն, թե  ինչպե՞ս են լուծվելու ջրային  ռեսուրսների խնդիրները, քանի որ այնտեղ Հայաստանի ջրային ռեսուրսների հիմանական ավազանն է, Արփա-Որոտան ջրահավաք ավազանը, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարները։

«Կառավարությունը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպե՞ս է տեսնում Ջերմուկի՝ որպես առողջարանի, ապագան։ Բնապահպաններն  ուսումնասիրել են, հիմնավորումը տվել են, բայց հիմնական դժգոհությունները Ջերմուկի եւ ազդակիր  խոշորացված համայնքից էր, որը մեծ ապագա ուներ՝ որպես առողջարան։ Բնակիչները դրանով էին ապրում։  Կառավարությունը չի տվել ոչ մի բացատրություն, թե ինչպե՞ս  է գնահատում ցիանային տեխնոլոգիայի ռիսկերը։ Սրանք հիմնական հարցերն են, որոնց վերաբերյալ պատասխան չստացանք, չնայած որ պետք է ստանայինք, քանի որ կառավարությունը խոստացել էր»,-ասաց Զարաֆյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունն ինչ-որ հիմնավորումներ էր բերում, երբ ապացուցվել էր, որ Ամուլսարի ծրագիրն ունի շատ բարձր ռիսկեր, որոնք  գնահատված չեն  ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, Ն․Բ․)։ Իսկ ծրագրի իրականացման դեմ պայքարող մարդիկ եւ քաղհասարակությունն, այդ թվում՝ բնապահպանական կազմակերպությունները, ինչպես հիշեցրեց Զարաֆյանը, պահանջել են հետ կանչել ՇՄԱԳ-ը եւ նոր փորձաքննություն նշանակել, որտեղ այդ բոլոր ռիսկերը ճշգրիտ կգնահատվեն․ «Մեր բողոքի ցույցերի պահանջը դա էր, Կառավարություն խոսք տվեց, հրավիրեց Էլարդին,  որը եւս  տվեց բավականին ծանր  բացասական գնահատական, ու թվարկեց, թե որ ռիսկերը գնահատված չեն։ Կառավարությունն էլ ասաց՝ հաշվի կառնենք ու վերջ»։

Մեր դիտարկմանը, որ այս ծրագրի իրականացումը պատերազմից հետո տուժած մեր երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա, ի վերջո աշխատատեղեր են բացվելու, Ինգա Զարաֆյանը պատասխանեց՝ ովքեր նման բան են հայտարարում, պետք է ներկայացնեն, թե ինչ կշահի պետությունը կամ պետք է գնահատեն, թե ինչ կկորցնի պետությունը․ «Օրինակ՝  ջրային ավազանը, Ջերմուկ քաղաքը»։

Արդյոք բողոքի ցույցեր կլինեն, Զարաֆյանը դժվարացավ պատասխանել, նշելով՝ պատերազմից հետո հասարակությունում այլ տրամադրություններ են, ծանր վիճակ է․ «Բացի այդ, կառավարությունը եթե վերցրել է այդ պատասխանատվությունը՝ 12,5% բաժնետոմսերը, ինքը կարող է դիմել տարբեր միջոցների, որպեսզի նման ցույցեր չլինեն,  կառավարությունը կպաշտպանի իր շահերը եւ հուսալ, որ չի պաշտպանի կասկածելի ծրագիրը․․․։ Կարող եմ ասել, որ  սա կառավարության երեւի ամենավատ որոշումներից մեկն էր»։

Զարաֆյանն ասաց, որ այդ ծրագրի իրագործման մասին հայտարարությունն էլ անակնկալ ձեւով եղավ, որոշումը ոչ թափանցիկ է ընդունվել, հայտարարությունը լսելուն պես բնապահպանական երեք կազմակերպության երեք ներկայացուցիչ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է արել։ Դրան շատերը չեն կարողացել միանալ, քանի որ ծրագրի մասին հապճեպ հայտարարվեց․ «Բայց անգամ եթե երեք հոգով էինք ցույց անում, վստահեցնում եմ՝ մենք ներկայացնում ենք քաղհասարակության ավելի լայն շերտ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728