Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները

Փետրվար 22,2023 21:12

Նախագծերի ընդունմամբ ակնկալում ենք, որ աղբահանության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի ինստիտուցիոնալ հենք` նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառման, այդ թվում` առաջացող թափոնների ծավալի նվազեցման, հանրապետության ամբողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման ու անվտանգ հեռացման, ինչպես նաեւ  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքման եւ դրանց վերամշակման համար: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում:

Զեկուցողն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները: Ամրագրվում են աղբի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները:

Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ նախաձեռնությամբ սահմանվել են հիմնական պահանջներ: ՏԻՄ-երի կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանների մշակման եւ հաստատման պարտադիր պահանջ է ամրագրվել: «Սա պարտադրելու է մեր համայնքային իշխանություններին  հստակ նկարագրել, թե ինչպես են պատկերացնում առաջիկա 5 տարվա ընթացքում աղբահանության կամ կոշտ կենցաղային թափոնների կառավարումը»,- ընդգծել է զեկուցողը:

Հստակեցվել են աղբահանության եւ սանիտարական մաքրման կառուցվածքներին ներկայացվող պահանջները` կապված աղբի տեղադրման եւ աղբավայրերի շահագործման հետ:

«Մենք սահմանել ենք նաեւ տնտեսական խթանիչներ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն աղբի կանոնավորված տեսակավորման, դրա գոյացման ծավալների նվազման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու համար»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից սեփական տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում այդ մասին ՏԻՄ-ին չտեղեկացնելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` ութնապատիկից տասնապատիկի չափով:

Զեկուցողն անդրադարձել է բացի Երեւանից մյուս 8 մարզերում աղբահավաքության կազմակերպման կանոնակարգմանն ուղղված Կառավարության առաջիկա քայլերին. «2023 թվականին այդ 8 մարզերի համար կունենանք կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագիծ, որի իրականացումը կսկսվի 2024 թվականից»:

Նշվել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների մի մասն ընդունվել է, իսկ որոշներն էլ լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության ընդունումից հետո կներդրվի Կառավարության կողմից մշակված` շինարարական աղբի կառավարման ամբողջական ընթացակարգը:

Պատգամավորները բարձրացրել են աղբավայրերի հարակից տարածքների աղտոտվածությանը, ոչ որակյալ աղբամանների օգտագործմանն առնչվող հարցեր:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728