Սահմանադրական փոփոխություններից հետո եւ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հաստատումից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառի ռազմավարության հաստատումից հետո ունենք որոշակի ենթաօրենսդրական ակտերի ընդունման, որոշակի որոշումների իրագործման անհրաժեշտություն, որոնք նախկինում նախատեսված չեն եղել օրենքով: Քանի որ օրենքը շատ վաղուց է ընդունված եղել, դրա հետ կապված` անհրաժեշտություն է առաջացել նոր լիազորող նորմեր սահմանել կամ եղածները հստակեցնել, որպեսզի կարողանանք ավելի լավ իրագործել մեր միջոցառումները եւ նպատակները. ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, ըստ որի` նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության եւ իրավական որոշակիության տեսանկյունից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը եւ վերացնել մատնանշված խնդիրները: Պատգամավորին պատասխանելով` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ նշված խնդիրները կվերացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նիստը կայացել է փետրվարի 22-ին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով