Լրահոս
Օրվա լրահոսը

160 զինծառայող կդառնա 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ այլեւս չի լինի հիմնադրամի շահառու

Փետրվար 22,2023 19:15

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել՝ լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար՝ մինչեւ «Անձի ֆունկցիոնալության  գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը։

Նախագիծն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել եւ շուտով կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Թե ինչի մասին է վերոնշյալը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը պարզաբանել է․ «Նրա խոսքով նախատեսվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, ովքեր ունեցել են 1-ին կամ 1-րդ խմբի հաշմանդամություն, եղել են հիմնադրամի շահառու, բայց վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: Այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից»։

Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ այս հնարավորությունը կգործի առաջիկա երեք տարում, այսինքն՝ այդ ժամկետում եթե որեւէ զինծառայող հայտնվի նշյալ իրավիճակում, կշարունակի 3 տարի ստանալ դրամական աջակցություն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Խաչատրյանը նաեւ հետեւյալ պարզաբանումները տվեց․ «Ներկայիս կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներ են համարվում առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողները․ այսինքն նրանք, ովքեր մարտական գործողությունների հետեւանքով ձեռք են բերել առաջին կամ երկրորդ կարգի զինհաշմանդամություն։ Երրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցողները հիմնադրամի շահառուներ չեն։ Հետեւաբար, երբ մեկ տարի հետո տեղի է ունենում վերափորձաքննություն, հնարավոր է՝ անձը հաշմանդամության նոր խումբ ստանա, խումբը իջնի կամ դառնա երրորդ։ Հիմա ունենք զինծառայողներ, որոնք 2-ից  3-րդ են դարձել եւ դադարել են ստանալ հիմնադրամից փոխհատուցում։ Այս դեպքում պետբյուջեից իրենց վճարվում է զինվորական հաշմանդամության կենսաթոշակ եւ պարգեւավճար։ Սպայի դեպքում 74 000 դրամ է։ Առաջարկում ենք ժամանակահատված, ըստ որի՝ երրորդ խումբ դարձած անձանց շարունակենք հատկացումներ տալ անցումային փուլում։ Ուստի լրացուցիչ հատուցումներ նրանց կտրամադրվեն։ Ըստ այդմ, սպան եթե նախկինում ստանում էր մոտ 200 000, հիմա կստանա մոտ 150 000 դրամ,  պայմանագրային զինծառայողի դեպքում ՝ նախկին 150 000-ի փոխարեն 117 000 դրամ, եւ շարքային զինծառայողի դեպքում՝ նախկին  100 000-ի փոխարեն  91 000 դրամ»։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը երբ  է գործելու։ Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ փետրվարի մեկից, բայց գործընթացը կտեւի գրեթե 3 տարի:

Պատգամավորը վերապահումներ ուներ եւ կարծիք հայտնեց, որ հատկացվելիք գումարը չպետք է նվազեցնել, որովհետեւ խոսքը 114 զինծառայողի մասին է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728