Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների միջազգային հուշամրցաշարը: Մասնակցում են յոթ երկրների շուրջ 130 ազատ ոճային ըմբիշներ: Այսօր ընթանում են նախնական գոտեմարտերը:
Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը Լյովա Վարդանյանի որդին է, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Երկրորդ տարին է, որ անցկացնում ենք հուշամրցաշարը: Առաջինը կազմակերպել էինք 2021 թվականին եւ հրավիրել միայն հարեւան Վրաստանի ըմբիշներին: Այս անգամ որոշել էինք երկրների ընդգրկման աշխարհագրությունը մեծացնել: Նախապես մասնակցության հայտ ներկայացրել էին ութ երկրներ, սակայն Հնդկաստանը վերջին պահին հրաժարվեց՝ իրենց ազգային ֆեդերացիայի հետ ունեցած ինչ-որ խնդիրների պատճառով»:
Aravot.am-ը նկատեց, որ այս մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել, ինչը կարող է օգտակար լինել մեր տղաների համար եւ հետաքրքրվեց, թե հուշամրցաշարի ավարտից հետո նրանց ի՞նչ է սպասվում: Ավետիք Վարդանյանը, որը նաեւ մեր երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է, պատասխանեց. «Այս մրցաշարն ընտրական չէ: Կազմակերպիչների նպատակն առաջին հերթին Լյովա Վարդանյանի պայծառ հիշատակը վառ պահելն է: Իսկ հավաքականի մարզիչը, որի սաները նախապատրաստվում են մոտ 25 օր հետո մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, նպատակահարմար գտավ այս ժամանակահատվածում կազմակերպել հուշամրցաշարը, որպեսզի մեկ անգամ եւս ստուգի հավաքականի անդամների մարզավիճակը եւ կարողությունները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ