Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան․ «Այս ամենը ժամանակավոր է։ Ես որպես պատմաբան եմ դա ասում ձեզ»

Փետրվար 22,2023 18:20

Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Թեքեյան մշակութային կենտրոնում քաղաքագետ, պրոֆեսոր  Ալեքսանդր Մանասյանն ասաց. «Արցախյան ազատագրական շարժումը մեր պատմության ամենապայծառ էջերից մեկն է եւ այն չի ջնջվի։ Ինձ թվում է, որ մենք հասել ենք նրան նոր լիցք հաղորդելու պահին։ Բայց դա կարելի է անել միայն մի պայմանով․ եթե մենք բոլորս իմաստավորենք, վերիմաստավորենք հաջողությունների, ձեռքբերումների ու, մանավանդ, վրիպումների պատճառները։ Եթե դա չանենք, դժվար է լինելու։ Շատ սխալներ ենք թույլ տվել։

Շրջափակումից առաջ եղել ենք Ստեփանակերտում։ Տարել եւ գրեթե բոլոր ատյաններին ներկայացրել ենք հարցեր՝ ներղարաբաղյան խնդրի հետ կապված, որին տարբեր պատասխաններ են տվել թե Հայաստանի, թե Արցախի առաջին դեմքերը, թե քաղաքական գործիչները, թե փորձագետները։ Մինչեւ օրս էլ վիճակն այդպիսին է։ Շատ հասարակ ենք։ Բոլոր հարթակներում իրարից անկախ բաներ ենք ասում, հաճախ՝ վաղուց ասված բաներ։

Մենք Լեռնային Ղարաբաղի շուրջ քանի՞ շրջան ենք ազատագրել։ Բոլորն ինչ- որ բան ասում են։ Մենք Լեռնային Ղարաբաղի շուրջ մի գրամ հող էլ չենք ազատագրել։ Այդ բոլորը Լեռնային Ղարաբաղ է։ Բայց հենց ասում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ, կրակն ենք ընկնում։ Վերցնում, այդ շուրջն էլ դարձնում ենք անվտանգության գոտի։ Ես  կարծում եմ՝ ժամանակն է սթափության։ Այդ սթափության գինը մեծ կլինի ու մենք հաջողությամբ կսթափվենք»։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ցավով նշեց, որ այսօր որոշ մարդիկ պնդում են, թե ո՞ւմ էր պետք Արցախյան շարժումը, ինչի՞ հասանք  կոտրած տաշտակի առջեւ ենք կանգնած։ «Չարաչար սխալվում են այդ որոշ մարդիկ։ Նախ այն իմաստով, որ եւ Արցախը կա եւ Հայաստանի Հանրապետությունը։ Մեր պետականությունը այսօր որքան էլ խոցված է, բայց այդ պետականությունը կա։ Եվ չլիներ Արցախյան շարժումը՝ հավատացեք, այսօրվա Երեւանն ու Հայաստանի Հանրապետությունը բնակեցված չէին լինի միայն հայերով եւ գուցե գերազանցապես արդեն այլաբնակ լինեին։ Էթնիկապես Հայաստանը վերականգնեց իր երբեմնի միատարր պատկերը։ Ու այսօր, որ հարեւան երկրի ամենատգեղ տղամարդը, որը գիշեր ու ցերեկ խոսում ու վայրահաչում է, նա ասում է հետեւյալը․ պետք է վերադարձնել թաթարներին այսպես ասած արեւմտյան Ադրբեջան։ Դրա համար նա ուզում է վերականգնել այն ամենը, ինչ կար մինչեւ Արցախյան շարժումը։

Հիմա անձնապես մի երկու խոսք՝ իմ եւ Արցախյան շարժման հետ կապված։ Եթե ինձ հարցնում են՝ որոնք են իմ կյանքի ամենաերջանիկ երկու օրերը, ասում եմ․ մեկը՝ ուղիղ 35 տարի առաջ փետրվարի 23-ին, երբ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Վլադիմիր Դոլգիխն էր եկել, Ազգային ակադեմիայի դիմաց ցույց էինք անում։ Եվ ինձ պատիվ արվեց՝ ներկայացնելու ԳԱԱ պատմության ինստիտուտի ժողովի եզրակացությունը, որ հայ պատմաբանները պատրաստ են ցանկացած հարթակում պատասխանելու ադրբեջանցիներին եւ ցույց տալու, որ խոսքը մեր հայրենիքի մեկ կտորի մասին է, որը պետք է վերադարձնել իր իրական տիրոջը՝ Մայր Հայրենիքին։ Եվ իմ կյանքի երկրորդ ամենաուրախ օրը, որ ինձ պատիվ տրվեց, 2007 թվականի օգոստոսի 10-ին ես հայտնվեցի Արարատի գագաթին։ Եվ Արեւմտյան Հայաստանի տարբեր ուղղությունների հետ խոսելուց հետո շրջվեցի դեպի արեւելք եւ Արարատի գագաթից ողջունեցի Արցախ Աշխարհին։

Սիրելիներս, հավատացեք, որ այս ամենը ժամանակավոր է։ Ես որպես պատմաբան եմ դա ասում ձեզ։ Մեր ժողովուրդը տեսել է 16-18-րդ դարերի մղձավանջ՝ թուրք-պարսկական երկարատեւ ու արյունալի պատերազմներ, տեսել է 1915 թվականի եղեռն եւ երեք տարի հետո պետականություն է վերականգնել, տեսել է աշխարհացունց երկրաշարժ 1988 թվականին եւ երեք տարի հետո պետականություն է վերականգնել։ Մենք էլի տեսնելու ենք այդ բերկրալի օրերը, որովհետեւ կա մեր ազգի ծաղիկը՝ կա մեր Արցախ աշխարհը, կա Հայաստանի Հանրապետությունը, կա մեր Սփյուռքը։ Եվ մեր մեջ կա այսօրվա Արցախն իր մեջ որպես մեկ անձ խտացնող Գուրգեն Մելիքյանը, որի առաջ ես խոնարհվում եմ։

Անցած տարվա օգոստոսի 26-ին նրա հետքերով եւ ուղղորդմամբ գնացի Բերձոր, իմ չունեցած ձայնով Սուրբ Համբարձման եկեղեցում երգեցի Տեր Ողորմեա եւ գնացի, գրկախառնվեցի այն ծառի հետ, որը նա էր ստիպել, որ ես տնկեի։ Դա իմ մոր հիշատակի տնկված ծառն էր։ Մենք իրավունք չունենք մոռանալու նաեւ այդ իմաստով մեր խորհրդանիշները, որոնք այսօր թշնամու ձեռքում են։

Մենք նորից հաղթելու ենք։ Հավատացեք։ Միայն պետք է կամք, հավատ եւ ապագայի նկատմամբ պայքարի անկոտրում նվիրում»,-ասաց մեծանուն գիտնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728