Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը
-Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումներում, երեք ձեւաչափերում էլ Արցախի թեման առկա էր. մասնավորապես, Փաշինյան–Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում, որը կազմակերպվեց ԱՄՆ պետքարտուղարի կողմից, Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ և Մյունխեն-հետպանելային՝ Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ի՞նչ ընդհանուր տպավորություններ ունեք Մյունխենի համաժողովում՝ արցախյան թեմայի քննարկումներից:
-Այս քննարկումներից հետո արված գլխավոր եզրակացությունն այն է, որ եթե նախկինում Ադրբեջանը ձգտում էր ազատվել 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրից, այժմ Ադրբեջանի գլխավոր խնդիրն է՝ ազատվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններից: Մյունխենի քննարկումներում ակնհայտ էր, որ Ադրբեջանը տեսական հիմքեր է նախապատրաստում հետագա նոր գործնական քայլերի համար, հետևաբար խնդիր է դրանք կանխարգելելը: Որպես այդպիսին պետք է դիտարկել Իլհամ Ալիևի կողմից «պաշտոնապես առաջ քաշված առաջարկը հսկիչ անցակետերի» Լաչինի միջանքում և այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում» տեղադրելու հարցը: Ընդհանուր առմամբ, Մյունխենում տեղի ունեցած քննարկումը հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև քննարկումից հետո կայացած առաջին հանդիպումն էր: Ադրբեջանը, ձևավորված պրակտիկայի համաձայն, յուրաքանչյուր նման քննարկումից կամ հանդիպումից հետո նոր ապօրինի պահանջներ է ավելացնում իր առավելապաշտական փաթեթին:
– Լաչինի միջանցքը 73 օր է՝ փակ է, բայց Ալիեւը Մյունխենում կրկին պնդեց, որ բաց է, ցավոք, իր ստին նաեւ պատասխան չստանալով:
Կարդացեք նաև
– Կարևոր է հատկապես այն, որ Փաշինյան-Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպմանը հաջորդած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ նշվել էր, որ քննարկման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է՝ «Լաչինի միջանցքով ազատ ու բաց կոմերցիոն և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը»: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը և ամբողջ ադրբեջանական քարոզչությունն ի լուր աշխարհի ապատեղեկատվություն է տարածում՝ իբրև թե միջանցքը բաց է: Պանելային քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարեց Լաչինի միջանցքի բաց լինելու մասին: Սա ակնհայտ ծաղր է առաջին հերթին երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության 120 000 բնակչության նկատմամբ, ապա նաև այն միջազգային դերակատարների նկատմամբ, որոնք պարբերաբար դիմում են Ադրբեջանին՝ շրջափակումը վերացնելու կոչերով, պահանջներով, հայտարարություններով և բանաձևերով:
-Ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի փաստաթղթից Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է հանվի, և դրա փոխարեն Ադրբեջան-Արցախ երկկողմ երկխոսության ձևաչափը պետք է ներդրվի: Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք:
-Խաղաղության պայմանագրի քննարկումներն ըստ բաց աղբյուրների, շարունակվում են, թե ինչպիսի բովանդակություն կունենան դրանք՝ առայժմ պարզ չէ: Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ բանակցային կարգավորման կարող է գնալ միայն միջազգային միջնորդական մեխանիզմների հաստատված ձևաչափով: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի սառեցմանը՝ այն շարունակում է մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հաստատված բանակցային ձևաչափը: Առանց միջազգային միջնորդական մեխանիզմների, բացառապես երկկողմ ֆորմատից բխող վտանգները պետք է գնահատվեն նաև միջազգային դերակատարների կողմից, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող պետությունների և ուժային կենտրոնների կողմից: Արցախի շրջափակման փաստը լրացուցիչ դեպք է միջազգային պատասխանատվության մակարդակը բարձրացնելու համար: Հակառակ դեպքում, պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իջեցնել նշաձողը, Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ բանակցելու փոխարեն առաջ տանելով «Ղարաբաղի էթնիկ համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսելու» անորոշ ձևաչափը:
Քանի որ Ադրբեջանն արդեն իսկ Արցախի հետ 2020 թ. պատերազմից հետո ունեցած տնտեսական բնույթի պայմանավորվածությունները ներկայացնում է որպես ինտեգրման որոշակի մակարդակ, ապա պարզ է, որ Ադրբեջանը բոլոր հնարավորությունները ներդնելու է խնդիրը տանելու Լեռնային Ղարաբաղի՝ որպես, այսպես կոչված, «էթնիկ համայնքի» ձևաչափ: Հետևաբար, խնդիրը մղել այս ուղղությամբ՝ կնշանակի Արցախը ենթարկել էթնիկ զտման, և այդկերպ վերջնականապես փակել Արցախի թեման:
-Մյունխենում շարունակվեց Արցախի ներքին գործերին միջամտելու Ադրբեջանի ապօրինի հռետորաբանությունը, մասնավորաբար, կրկին հրապարակային պահանջ հնչեց Ռուբեն Վարդանյանի՝ Արցախից հեռանալու մասին:
-Ադրբեջանը շարունակում է ապօրինի քաղաքական հավակնությունները Արցախի նկատմամբ: Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելու փորձերին, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և պաշտոնավարման հետ կապված թեմային Արցախի Հանրապետության նախագահի խոսնակն արդեն արձագանքել է: Միևնույն պահին, սակայն, Ալիևին չի հաջողվում խուսափել այն իրողությունից, թե ինչպես է պատահում, որ իրենց իսկ խոսքերով գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետական պաշտոններ են զբաղեցնում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ