Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լուրջ հետաքրքրություն է առաջացել ռուս գործարարների մոտ՝ ՀՀ-ի, ԵԱՏՄ երկրների նկատմամբ: ՀՀ իշխանություններից էլ է շատ բան կախված». Անդրեյ Ռուսակով

Փետրվար 22,2023 17:10

«Ռուսական շուկայում մեծ դաշտ է ազատվել, քանի որ տարբեր միջազգային ընկերություններ հեռացել են ռուսական շուկայից, ուստի այդ տեղը կարող է լրացնել Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության մյուս երկրները» ,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև համագործակցությունը աշխարհաքաղաքական նոր իրողություններում» թեմայով ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Եկատերինբուրգ) Անդրեյ Ռուսակովը։

Նա հիշեցրեց՝ արդեն մեկ տարի է, ինչ ՌԴ-ն «հատուկ գործողություններ» է իրականացնում, և այդ ընթացքում Եվրամիությունը պատժամիջոցների ինը փաթեթ է ընդունել ընդդեմ ՌԴ-ի, առաջիկայում էլ խոստանում են տասներորդը, կան պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից: Ըստ բնույթի՝ նա պատժամիջոցները մի քանի ուղղությունների բաժանեց՝ սահմանափակումներ՝ ուղղված անձերին և գործարար կոնկրետ ոլորտներին:

Անդրեյ Ռուսակովի փաստմամբ՝ այժմ տնտեսական նոր իրավիճակ է ստեղծվել: Այս առիթով նա մանրամասնեց. «Չինաստանը դարձել է ՌԴ-ի հիմնական գործընկերը, Հնդկաստանն էլ ռուսական էներգառեսուրսների հիմնական գնորդն է: Ռուսական գործարար շրջանակների կողմից Եվրասիական միության երկրների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Այդ շարքում է նաև Հայաստանը»:

Փորձագետը փաստեց՝ քանի որ ռուսական շուկայից տարբեր միջազգային խոշոր կազմակերպություններ հեռացել են, առաջացել է ազատ գոտի, ինչը կարելի է լրացնել ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հաշվին: Դա, ըստ Անդրեյ Ռուսակովի, ավելի հեշտ կլինի, քանի որ կարելի է նաև միասնական արժույթով աշխատել, և կարիք չի լինի տարադրամի փոխարկման: Նրա կարծիքով՝ այս առումով ՀՀ-ում լիբերալ դաշտ է ձևավորվել: Անդրադառնալով հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալների վիճակագրութանը՝ նա ասաց.  «ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները երկու անգամ աճել են: Ռուսական շատ շրջաններ, որոնք իրենց տարածքով և բնակչությամբ ավելի մեծ են, քան Հայաստանը, հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ-ի նկատմամբ: Ուստի հայկական կողմից պետք է լուրջ վերաբերվեն այն այցերին, որոնք կատարում են ռուսական պատվիրակությունները»:

Անդրեյ Ռուսակովը նկատեց՝ ներդրումների տեսանկյունից հայկական երկու-երեք միլիոնանոց շուկան առանձնապես գրավիչ չէ, ուստի հիմա հայ ձեռներեցներն ունեն բացառիկ հնարավորություն՝ ավելի մեծ ծավալներով ներկայանալ ռուսական շուկայում: Այս առիթով ասաց. «Նախկինում, երբ ռուսական շուկայում ներկայացված էին համաշխարհային շատ ընկերություններ, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են հայկական, բելառուսական և ԵԱՏՄ այլ երկրների ընկերությունները, իրենց չէին կարողանում թույլ տալ մարքեթինգային արշավներ կատարել ռուսական շուկայում՝ նրանց հավասար: Այսօր այդ ընկերություններն այլևս ռուսական շուկայում չեն, ուստի ազատ դաշտ է բացվել ԵԱՏՄ երկրների ձեռներցների համար»:

Անդրեյ Ռուսակովը հավաստիացրեց, որ պատժամիջոցները լրջորեն չեն վնասել ռուսական շուկային ու ասաց. «Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսական անկումը 2 տոկոս է, մինչդեռ Քովիդի ժամանակ այն 7 տոկոս էր: Այնպես որ, պատժամիջոցները շատ լուրջ չեն հարվածել ռուսական շուկային, քանի որ այն ունի մասնավոր բնույթ»: Նա նշեց, որ ռուս գործարարները Հայաստան չեն գալիս միայն հայկական բնությունով հիանալու, այլ նաեւ՝ գործարար կապեր հաստատելու համար. «Հայ գործարարներին հորդորում եմ լուրջ վերաբերվել այս հարաբերություններին, սա խաղ չէ, այլ իրական փորձեր են ռուս գործարարների կողմից՝ գտնել հայ գործընկերներ: Շատ լուրջ հետաքրքրություն է  առաջացել ռուս գործարարների կողմից Եվրասիական միության երկրների նկատմամբ: ՀՀ իշխանություններից էլ է շատ բան կախված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728