Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը տեւական ժամանակ է՝ ռեկտոր չունի, իսկ նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարության ռեկտորի թեկնածուն Սառա Նալբանդյանն է։
Բուհի կառավարման խորհրդի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանից պարզեցինք, որ ինստիտուտը նաեւ խորհրդի նախագահ չունի, քանի որ, ինչպես պրոֆեսորն ասաց, ինքը հրաժարվել է այդ պաշտոնից ու այդ մասին անձամբ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին․ «Ես խորհրդի նախագահի վիճակից հրաժարվել եմ, իսկ Սառա Նալբանդյանի թեկնածությանը ոչ մի կերպ չեմ վերաբերվում»։
Մեր տեղեկություններով՝ Հենրիկ Հովհաննիսյանը դժգոհություններ է ունեցել նախարարության ռեկտորի թեկնածուի հետ կապված, ում ճանաչում է դեռեւս արվեստի ինստիտուտից։ Վերջինս ժամանակին եղել է նաեւ բուհի պրոռեկտորներից մեկը, ապա ռեկտորի խորհրդականը։ Aravot.am-ի հետ զրույցում Հենրիկ Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ բան ասել չի կարող նրա թեկնածության մասին։ Նաեւ հաստատեց, որ խոսել է փոխնախարարի հետ։
Կարդացեք նաև
«Ի՞նչ է նշանակում բուհի կառավարման խորհրդի նախագահ, ես իմ նախագահության ընթացքում չեմ կարողացել պարզել, ինձ չի տրվել որեւէ կանոնադրություն, հրաման, թուղթ, որի վրա գրված լինեին իմ պարտականություններն ու իրավունքները։ Ես այդպես էլ չեմ իմացել, թե ես ինչ իրավունքներ ունեմ, ով եմ ես այնտեղ։ Իմացել եմ միայն մի բան, որ ես գիտական խորհրդի կազմում չպետք է լինեմ, գիտական խորհրդի կազմից անունս ջնջել են, որովհետեւ ընտրել են խորհրդի նախագահ։ Ես այնտեղ դաս չունեմ, ո՞վ եմ ես այնտեղ։ Սա ոչ թե հետաքրքիր է, այլ կատակերգության ճյուղին կպատկանի՝ կասեր Պարոնյանը։ Այդպես բոլորը կարծում են, որ ամեն ինչի ղեկավարը ես եմ, իրականում ես այնտեղ ՝ հայտնի չէ, թե ով եմ։ Ես այնտեղ որտե՞ղ եմ նստած, ո՞ւմ եմ ներկայանում, ո՞ւմ եմ պատասխանում․․․Մի խոսքով, այդ պատճառով էլ ես երեկվանից հրաժարվել եմ ու ամեն ինչ Արա Խզմալյանին եմ ասել։ Ընդհանրապես պետք է պարզել, թե այդ խորհրդի նախագահներն ի՞նչ են անում, թե չէ վերցնում են տարեվերջին ամբողջ ֆինանսական հաշվետվությունը, դնում են մարդու առաջ, որ ստորագրի մի թուղթ, որը չգիտի՝ ինչ է։
Ես ի՞նչ իմանամ՝ դա ինչ է, ես ոչ ֆինանսից եմ բան հասկանում, ոչ ֆինանսական հաշվետվությունից, պարտավորված էլ չեմ իմ ամբողջ կյանքում այդ բանը սովորել։ Ես ուրիշ բանից եմ բան հասկանում, որը ոչ ոք չի հասկանում, բայց ոչ ոք էլ ցանկություն չունի այդ կետում ինձ հասկանալ»,-ասաց Հենրիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով․ «Այդ կրթությունը ոչ ուսանողին, ոչ մեկին չի հետաքրքրում․․․ արվեստագիտությունը։ Երբ ասում ենք՝ արվեստագիտության ներածություն, դա հասկանալի չէ մարդկանց․․․Ամեն գիտություն ունի իր ներածությունը։ Իսկ թատերագիտությունը՝ որպես գիտություն, որտե՞ղ է ձեւավորված, Մոսկվայո՞ւմ․․․Այնտեղ էլ չեմ տեսել, ես եմ ձեւավորում՝ մեն-մենակ։ Ռուսերեն էլ չկա այդպիսի գիրք, բայց Հայաստանում կարող է դա ձեւավորել մեկ մարդ՝ առանց վարձատրության, իր գրքերը սեփական ծախսով հրատարակող, իր գոյության համար փող վճարող մի մարդ․․․Չգիտես՝ խնդա՞ս, թե լաս այս վիճակի վրա։ Ուստի ի՞նչ իմաստ ունի, որ ես այնտեղ մտնեմ, չեմ ասում նստեմ (ինձ համար աթոռ չկա դրված) եւ տարվա վերջին ստորագրեմ ֆինանսական հաշվետվությունը, իսկական իմ մասնագիտությունն է (հեգնում է -Գ․Հ)․․․
Ես 60 տարուց ավելի՝ ասպիրանտուրայից սկսած, ԳԱԱ արվեստի ինստիտուտում եմ, եւ գիտեմ այնտեղ ինչ եմ անում, խնդիրն ինչ է, աստիճանաշնորհման խորհրդի նախագահն եմ, ես գիտեմ ինչ է ինձանից պահանջվում։ Ես ակադեմիական ինստիտուտի մարդ եմ, թեպետ ասեմ, որ թատերական ինստիտուտում 50 տարի դաս եմ ունեցել, դասավանդել եմ 5 առարկա․․․Եվ հիմա էլ կարելի է օր ծերության հրաժարվել, թեպետ գիտական աշխատանքից չեմ հրաժարվում՝ անկախ ամեն ինչից»,-ասաց պրոֆեսորը։
Aravot.am-ը կապվեց նաեւ Սառա Նալբանդյանի հետ։ Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե ինքն է ԿԳՄՍ նախարարության թեկնածուն, տիկին Նալբանդյանն այսպես արձագանքեց․ «Ես լսել եմ, որ մրցույթ է լինելու, ու եթե լինի, իհարկե կմասնակցեմ, ուրիշ տեղեկություններ չունեմ։ Ես 3 տարի եղել եմ այդ բուհի պրոռեկտորը»։ Հարցրինք՝ տեղյա՞կ է, թե ինստիտուտում ինչ տրամադրություններ կան իր թեկնածության հետ կապված, Սառա Նալբանդյանն այսպես պատասխանեց․ «Քանի որ արվեստում արդեն կայացած եմ, մասնագիտությամբ սցերանիստ եմ եւ մասնագիտության բերումով գրեթե բոլորի հետ գործ եմ ունենում, իմ պատկերացմամբ, իմ հանդեպ պետք է որ վատ վերաբերմունք չլինի՝ թե ուսանողների, թե դասախոսական կազմի կողմից»։ Նա նաեւ ասաց, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ակնարկ չի եղել, որ ինքն է նախարարության սրտի թեկնածուն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հենրիկ Հովհաննիսյանի լուսանկարը՝ Դասարան+դասական էջից, Սառա Նալբանդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքի իր էջից