ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիշնևում ավարտվեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Բուռն բանավեճ ծավալվեց ընդունվելիք բանաձևում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող դրույթների շուրջ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջում էր վերաձևակերպել նախնական բանաձևը մեզ համար անընդունելի անորոշության աստիճանի։ Արդյունքում բանաձևն ընդունվեց այնպես, ինչպես գրվել էր դեռ դեկտեմբերի կեսերին և ներկայացվել վեհաժողովին։
Այն «Կոչ է անում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերը, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն, ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելու տևական խաղաղություն տարածաշրջանում։»
Ստորև քննարկումներից մեկի ժամանակ հնչեցրածս ելույթը.
Կարդացեք նաև
«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:
Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «Հարգելի գործընկերներ ինչո՞ւ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով մենք՝ խորհրդարանական վեհաժողովը, նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյո՞ք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։
Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:
Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:
Վերջապես, նրանք խոսում եմ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:
Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում:»