Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան»-ը

Փետրվար 22,2023 11:46

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:

«Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում կատարված դաշտային աշխատանքների ընթացքում: «Բառարանում ներկայացված հետաքրքրական շերտերից են գրաբարում չվկայված հնդեվրոպական արմատները (կըլըմբօստիկ՝  գլուխկոնծի, փըմփուխ՝ փափուկ. սըղին՝ սառույցի բարակ շերտ ջրի վրա, լավօթել՝ անպատիվ խոսքերով մեկին ծանր վիրավորել. լիժ՝ ողորկ, հարթ, լօնք՝ մեծ քայլ, մռու` բարկ, կծու), արդի գրական հայերենում ոչ գործածական գրաբարյան շրջանի բառերն ու բառաձևերը (հանքան` ուշ – գրբ. անագան, հ՛ընթել՝ թևի տակն առնել – գրբ. անթել, հատըկել՝ գործերը վերջացնելով՝ ազատ ժամանակ ունենալ – գրբ. ատակել, հէրկէն – գրբ. երկայն), փոխառյալ բառերը (արաբ. յեսիր` գերի, հալ՝ վիճակ, կուվաթ՝ ուժ. պարսկ. շօռվա՝ ապուր, փեղամ՝ լուր, շոռ՝ աղի. ռուս. գըռուզավիկ՝ բեռնատար, ըսկըբօ՝ ժլատ, կըռիս՝ առնետ), միայն Բայազետի բարբառում դիտված բառերը (գըխկըմել՝ խոնավությունից փափկել, դասէթափուկ՝ գոռոզ, իրավատեղ՝ վստահելի անձ, ծէրխընել՝ սկսել), յուրօրինակ բաղադրությունները (ջիգրեծուռ՝ շատ հարազատասեր, քար քաշել՝ շատ չարչարվել, լուսումթախառը՝ լուսադեմ), իմաստափոխված բառերը (քընուկ՝ դանդաղամիտ, ծնել՝ անասունի ձագ բերելը, կամենալ՝ ամուսնության բարեխոս լինել), դարձվածքները (լիզվից առատ՝ լեզվանի, գլոխը լվալ՝ գերազանցել, հառծակ հոռթիկ՝ ինքնագլուխ)»,- ասում է Վիկտոր Կատվալյանը: Նա նշում է, որ բառարանում հետաքրքրական նորություն է այն, որ հաճախ իրար հաջորդող բառերի համար բերված նմուշները կապակցված են իրար հետ և պատումներ են ձևավորում: Բարբառային խոսքը ներկայանում է կենդանի գործածությամբ:

«Բառարաններում բարբառային բառապաշարի արտացոլումը միայն լեզվաբանական խնդիրներ չի լուծում: Այդ բառապաշարը արտացոլում է բարբառակիր հանրության աշխարհայացքը, պատկերացումները, կենցաղը, անցյալն ու ներկան»,- ասում է Վիկտոր Կատվալյանը:

Բառարանն օգտակար կլինի լեզվաբաններին, բարբառագետներին, ազգագրագետներին, բանահյուսության մասնագետներին, կարող է օգտագործվել ԲՈՒՀ-ական դասընթացներում, շտեմարաններում: Աշխատության ստեղծումն ու հրատարակումը իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բազային ֆինանսավորմամբ՝ «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728