Հայաստան է ժամանել ԵՄ 100 հոգանոց դիտորդական առաքելությունը: Այդ մասին որոշում էր ընդունվել հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ փաստաթղթի՝ քաղաքացիական առաքելությունը պետք է նպաստի Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այս փաստը միանշանակ չընդունվեց մեր տարածաշրջանում տարբեր ձեւաչափերով ներկայություն ունեցող պետությունների կողմից:
Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ բացասական արձագանքը միանգամայն սպասելի էր: Ըստ Մոսկվայի դիտանկյան՝ ԵՄ առաքելությունը ժամանում է ռազմավարական դաշնակից պետություն, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, որը հսկում է Հայաստանի արեւմտյան եւ հարավային սահմանները: Հայաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում է, որի դոմինանտ պետությունը՝ Ռուսաստանը, գերլարված հարաբերությունների, կարելի է ասել՝ խոր հակադրության մեջ է արեւմտյան երկրների եւ նրանց միությունների հետ:
Ուստի ՌԴ-ն ԵՄ առաքելության ժամանման մեջ տեսնում է իր դիրքերի թուլացման միտում: ՌԴ ԱԳՆ-ից եվրոպական դիտորդների ժամանման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ, առաքելության՝ ապակայունացնող դերը հիմնավորելու ժամանակ, որպես փաստարկ բերվեց այն հանգամանքը, որ տվյալ գործընթացը չի համաձայնեցվել ադրբեջանական կողմի հետ: Պարզ է, որ դիտորդական առաքելության ժամանումը պետք է բացասաբար ընդունի ՀՀ սահմանների ուղղությամբ ագրեսիաներ կիրառած եւ ինտենսիվորեն հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանը, բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրի ղեկավարն իր հրապարակային հայտարարություններում տրամագծորեն հակառակի մասին է խոսում՝ փորձելով չփչացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որի գազամատակարարող կարեւոր գործընկերն է դարձել: Ալիեւը վերջին՝ մյունխենյան այցի ժամանակ Եվրոպայից հայտարարեց, թե Ադրբեջանն աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների բրյուսելյան ձեւաչափին:
Այս լղոզված ձեւակերպումից պարզ չէ՝ Բաքվի առաջնորդը խոսում է Հայաստան-Ադրբեջան-ԵՄ բանակցային ձեւաչափի՞, թե՞ հիմնախնդրի կարգավորման՝ ռուսականից տարբերվող փաստաթղթի մասին, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանից պաշտոնական բացասական արձագանքներ չեն հնչել ԵՄ առաքելության՝ Հայաստան ժամանելու մասին: Միջուկային գործարքի հետ կապված Արեւմուտքի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Իրանը նույնպես չի ողջունում ԵՄ առաքելության մուտքը հարեւան երկրի տարածք՝ անմիջականորեն իր սահմանների հարեւանությամբ: Մյուս կողմից էլ՝ Իրանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանում միջազգայնորն ճանաչված եւ պատմական սահմանների փոփոխություն:
Կարդացեք նաև
Այլ կերպ ասած՝ Թեհրանը կողմ է արտահայտվում իր սահմանների մոտ խաղաղության պահպանմանը, հետեւաբար՝ տրամաբանորեն պետք է դեմ չլինի խաղաղություն եւ կայունություն պահպանելուն աջակցելու նպատակ ունեցող դիտորդական առաքելության ժամանմանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում